Ղրղզստանը եւ Ուզբեկստանը պատրաստ են համաձայնագիր ստորագրել սահմանի վերաբերյալ
Ղրղզստանն ու Ուզբեկստանը պատրաստ են համաձայնագիր ստորագրել սահմանի վերաբերյալ։ «Մենք ունենք պատմական առաքելություն ավարտին հասցնել Ղրղզստանի եւ Ուզբեկստանի պետական սահմանի սահմանազատման եւ սահմանագծման հարցը»,- ասել է Ազգային անվտանգության պետական կոմիտեի նախագահ Կամչիբեկ Տաշիեւը՝ բացելով երկու երկրների կառավարական հանձնաժողովների համատեղ նիստը։
Ազգային անվտանգության պետական կոմիտեի ղեկավարը հույս է հայտնել, որ այսօրվա համատեղ նիստի արդյունքներով մոտ ապագայում նախագահների ստորագրման համար Ղրղզստանի եւ Ուզբեկստանի պետական սահմանի վերաբերյալ համաձայնագիր կնախապատրաստվի մնացած հատվածների վերաբերյալ, փոխանցում է 24.կգ-ն։
«Այսօր Ղրղզստանը եւ Ուզբեկստանը մերձավոր հարեւաններ են, իսկական ընկերներ եւ ռազմավարական գործընկերներ։ Ղրղզստանը լիովին պատրաստ է Ուզբեկստանի հետ քաղաքական, առեւտրային, տնտեսական, ներդրումային, տրանսպորտային, միջտարածաշրջանային, մշակութային եւ հումանիտար կապերի հետագա ընդլայնմանը»,- ասել է Կամչիբեկ Տաշիևը։
Իր հերթին, Ուզբեկստանի վարչապետ Աբդուլլա Արիպովը հաստատել է ուզբեկական կողմի լիակատար վճռականությունը՝ համաձայնեցնելու պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման պայմանագրի նախագիծը։
«Երկու հանրապետությունների կառավարական պատվիրակությունները քրտնաջան աշխատել են, ծանր աշխատանք է տարվել ղրղզա-ուզբեկական պետական սահմանի մնացած հատվածների համակարգման ուղղությամբ։ Վստահ եմ, որ սահմանազատման գործընթացի ավարտը եւս մեկ անգամ կհաստատի մեր հավերժական բարեկամության եւ իսկապես եղբայրական հարաբերությունների անխախտությունը»,- ասել է Աբդուլլա Արիպովը։