Հայաստան – Ուկրաինա խաղի տոմսերը վաճառվել են միայն երկու երկրի քաղաքացիներին․ ՀՖՖ․ Sputnik Armenia
Սեպտեմբերի 24-ին Ազգերի լիգայի խաղարկության խմբային փուլի 5-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում 0։5 հաշվով պարտվել էր Ուկրաինային։ Ռուսական շատ լրատվամիջոցներ անդրադարձել են, որ Ռուսաստանի քաղաքացիները չեն կարողացել այս հանդիպման տոմսեր ձեռք բերել։
«Այս հանդիպման տոմսերը վաճառվել են միայն Հայաստանի և Ուկրաինայի քաղաքացիներին։ Արտասահմանյան անձնագրեր ունեցողները չեն կարողացել խաղի տոմսեր գնել»,- Sputnik Armenia-ին հայտնել է ՀՖՖ հասարակայնության հետ կապերի և մամուլի բաժնի պետ Հայկ Կարապետյանը։
«Դա արվել է անվտանգության նկատառումներից ելնելով, քանի որ ՈւԵՖԱ-ն խաղը որակել է «որպես բարձր ռիսկային»», – հավելել է Կարապետյանը։
Ազգերի լիգայի խաղարկության խմբային փուլի վերջին տուրում Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 27-ին արտագնա խաղում կմրցի Իռլանդիայի հետ։