Ձեռամբ Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց 21-րդ Պատրիարքի օծվեց Ղազանչիի Սուրբ Հովսեփ հայ կաթողիկե եկեղեցին
Ձեռամբ Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց 21-րդ Կաթողիկոս Պատրիարք Ամենապատիվ և Գերերջանիկ Տ. Ռաֆայել Պետրոս Մինասյանի սեպտեմբերի 25-ին օծվեց Ղազանչիի Սուրբ Հովսեփ հայ կաթողիկե եկեղեցին, համապատարագիչ՝ Հայաստանի եւ Արեւելյան Եւրոպայի Հայ Կաթողիկե Առաջնորդության Առաքելական Կառավարիչ՝ Գերպ. Հայր Միքայէլ Վրդ. Բասսալեի, առընթերակայությամբ հայ կաթողիկե հոգևորականների, եկեղեցին կառուցվել է հայ կաթողիկե եկեղեցու կողմից՝ կաթողիկե միջազգային կառույցների հովանավորությամբ:
Մինչ այս, քանի որ գյուղը եկեղեցի չի ունեցել, բնակիչները ժամերգությունների ու պատարագների մասնակցել են Երիտասարդական կենտրոնի սենյակներից մեկում:
«Շնորհակալություն եմ հայտնում Հայր Միքայելին, որ առիթը տվեց վերադառնալու Մայր Հայրենիք ու օծելու այս եկեղեցին: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր մասն ունեցան այս եկեղեցին սարքելու մեջ՝ հատկապես Տեր Գրիգորին ու Տեր Հովսեփին, ովքեր իրենց ամբողջ ժամանակը տրամադրեցին, որ այս Աստծո տունը սարքվի և տրամադրվի ձեզ ու, ինչպես Սուրբ Հովսեփը պահեց ու պահպանեց Քրիստոսին ու Աստվածամորը, այդպես թող այս եկեղեցին առաջնորդ ու պահապան լինի ձեզ՝ հատկապես այս դժվար օրերին, երբ մենք այդքան զոհեր տվեցինք հայրենիքի սիրո համար: Իմ մաղթանքն է ձեզ, որ նույն հավատով ու տոկունությամբ մնաք եկեղեցու մեջ»,-իր մաղթանքը հղելով և շնորհավորելով հավատացյալ ժողովրդին՝ նշեց Ն.Ս.Տ.Տ. Ռաֆայել Պետրոս ԻԱ-ն:
Գյուղը մինչ այս եկեղեցի չուներ, եկեղեցի եղել է հին գյուղի տարածքում, որտեղ հիմա մնացել են միայն ավերակներ: Գյուղի հնաբնակները «Արմենպրես»-ին պատմեցին, որ այդ հին եկեղեցում միշտ պատարագներ են մատուցվել: «Ղազանչին տարածքի այն երջանիկ գյուղերից է, որտեղ քահանայական տոհմ է ապրել, քահանաներ՝ հայ ու որդի, պատարագներ ու ծեսեր են միշտ մատուցվել: Այսօր մեր գյուղի բնակչության երազանքը կատարվեց ու մեր առջև եկեղեցու դռները բացվեցին»,- ասում է Ղազանչի գյուղի բնակիչ Մկրտիչ Ապրեյանը:
Գյուղում եկեղեցի կառուցել նախատեսված էր դեռ 2014 թվականին, սակայն շինարարական աշխատանքները մեկնարկեցին 2020 թվականի մայիսին՝ այն ժամանակ թեմի Առաջնորդ Արհի. Տէր Ռաֆայել Արք. Մինասեանի ջանքերով, իսկ 2021 թվականի նոյեմբերի 20-ին, ձեռամբ Առաջնորդական Տեղապահ Գերհ. Հ. Գառնիկ Ծ. Վրդ. Հովսեփյանի և առընթերակայությամբ հայ կաթողիկե հոգևորականների տեղի ունեցավ նորակառույց Սուրբ Հովսեփ հայ կաթողիկե եկեղեցու խաչի օծման արարողությունը։
Ղազանչի գյուղը հիմնադրվել է 1857թ. Արևմտյան Հայաստանի Ալաշկերտի գավառի Իրիցու գյուղից գաղթած հայերի կողմից: Բնակավայրը ուղիղ գծով հեռու է Վրաստանի սահմանից 7 կմ, իսկ Թուրքիայի սահմանից՝ 20 կմ: