Ռուսները դժվարությամբ հաղթեցին ղրղզներին, Ալեքսանդր Կովալենկոն նորամուտը նշեց ՌԴ հավաքականի կազմում
Սամարայի «Կռիլյա Սովետովի» կիսաապաշտպան, հայազգի Ալեքսանդր Կովալենկոն, ով «Արարատ-73-ի» լեգենդար Ալեքսանդր Կովալենկոյի թոռն է, նորամուտն է նշել ֆուտբոլի Ռուսաստանի ազգային հավաքականի կազմում։ Կովալենկոն դուրս է եկել խաղադաշտ Ղրղզստանի հավաքականի դեմ ընկերական խաղում: Վալերի Կարպինի գլխավորած թիմը արտագնա այս խաղում հաղթանակ է տարել 2-1 հաշվով։
19-ամյա Կովալենկոն խաղադաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում ու փոխարինվել ընդմիջմանը: Ի դեպ, ընդմիջմանը Կարպինը փոխել է գրեթե ամբողջ կազմը. նա կատարել է 10 փոփոխություն։
Այս խաղում առաջինը աչքի են ընկել դաշտի տերերը: 24-րդ րոպեին հաշիվը բացել է Ալիմարդոն Շուկուրովը: Ռուսաստանի հավաքականը կամային հաղթանակ է տարել Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Ալեքսանդր Սոբոլևի ու «Ռոստովի» կիսապաշտպան Դանիիլ Ուտկինի գոլերի շնորհիվ: Սոբոլևը հաշիվը հավասարեցրել է 11 մետրանոց տուգանային հարվածից հետո, իսկ Ուտկինը հաղթական գոլը խփել է խաղի նախավերջին րոպեին:
Հիշեցնենք, որ Ալեքսանդր Կովալենկոն վարձավճարով է խաղում «Կռիլյա Սովետովում»։ Նրա տրանսֆերային իրավունքը պատկանում է ռուսական «Սոչիին»: Հիշեցնենք նաև, որ հայ ազգի մեկ այլ ֆուտբոլիստ՝ Արսեն Զախարյանը, ով ևս հրավիրվել էր հավաքական, օրերս վնասվածքի պատճառով լքել էր ՌԴ ընտրանու ճամբարը: