Բորելը ԵՄ-ին կոչ է անում լրջորեն վերաբերվել Ռուսաստանի միջուկային սպառնալիքին
Եվրամիությունը պետք է լրջորեն վերաբերվի Ռուսաստանի՝ միջուկային զենք օգտագործելու հնարավորությանը. Այդ մասին շաբաթ օրը հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը՝ բրիտանական BBC-ին տված հարցազրույցում։ Այս մասին փոխանցում է «Shantnews»-ը։
«Երբ մարդիկ ասում են, որ իրենք բլեֆ չեն անում, նրանց պետք է լուրջ վերաբերվել», – ասել է նա՝ մեկնաբանելով չորեքշաբթի օրը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը։ Հիմա միանշանակ վտանգավոր պահ է»։
Միաժամանակ Բորելը կարծիք է հայտնել, որ եվրոպական երկրները պետք է շարունակեն աջակցել Ուկրաինային, այդ թվում՝ զենքով, այլ ոչ թե դադարեցնել հակառուսական պատժամիջոցների քաղաքականությունը։
«Բոլոր նրանք, ովքեր մեկնել են Մոսկվա, այցելել Կրեմլ՝ Պուտինի հետ զրուցելու, նրանից ստացել են նույն պատասխանը. բայց մենք պետք է շարունակենք աջակցել Ուկրաինային»,- ասել է եվրոպական դիվանագիտության ղեկավարը։
Նրա խոսքով՝ հակամարտությունը պետք է լուծվի «դիվանագիտական միջոցներով», և այնպես, որ «պահպանվի Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»։ «Հակառակ դեպքում, ավարտելով պատերազմը, մենք խաղաղության չենք հասնի և կստանանք ևս մեկ պատերազմ ապագայում», – ասել է Բորելը։
Նա նաև խոստովանել է, որ հակամարտությամբ հրահրված էներգակիրների գների աճը մեծ մտահոգություն է Եվրոպայի համար։
«Իմ երկրում (Իսպանիա – ՏԱՍՍ-ի հաղորդմամբ) մարդիկ ինձ ասում են, որ գազի գների աճի պատճառով այլևս չեն կարող աշխատել, շարունակել բիզնեսով զբաղվել»,- ասել է Բորելը` հավելելով, որ էներգետիկ ճգնաժամով անհանգստացած են ոչ միայն եվրոպացի առաջնորդները, այլև Աֆրիկայի, Հարավարևելյան Ասիայի և Հարավային Ամերիկայի պետությունների ղեկավարները։