Գերմանիայում էներգաճգնաժամի պատճառով փակվում է ամենահին հացի փուռը
Գերմանիայում էներգաճգնաժամի պատճառով փակվում է ամենահին հացի փուռը։ Ահա արդեն 90 տարի Էնգելբերթ Շլեհթրիմենի ընտանիքը թխում է ցորենի, գարու հաց եւ շոկոլադե կարկանդակներ Գերմանիայի արեւմուտքում գնվող քաղաքում։ Հոկտեմբերին նրանք մշտապես կանջատեն վառարանները, որովհետեւ այլեւս չեն կարող դիմանալ էներգակիրների գների աճին, տեղեկացրել է AP-ը։
Շլեհթրիմենի տատիկն ու պապիկը հացի փուռը Քյոլնում հիմնել են Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ։ 58-ամյա տղամարդը բիզնեսը հորից ժառանգել է 28 տարի առաջ եւ այն վերածել էկոլոգիապես մաքուր արտադրանքի խանութի, որն օգտագործում է ավանդական բաղադրատոմսեր եւ արգելում քիմիական հավելումների օգտագործումը փռում։
Այնուամենայնիվ, անգամ այս նորամուծությունները մոտ մեկ հարյուրամյակ հետո չեն փրկում ընտանեկան բիզնեսը (հացի փուռն ու երկու խանութները, որոնցում 35 մարդ է աշխատում) փակվելուց։ Նրանք եվրոպական էներգետիկ ճգնաժամի զոհերից են, եւ դա պայմանավորված է ռուսական բնական գազի մատակարարումների կրճատմամբ։
Արդյունքում՝ էներգակիրների եւ էլեկտրաէներգիայի գների բարձրացումը ճնշում է գործադրել ձեռնարկությունների վրա, որոնք արդեն պայքարում են այլ ծախսերի աճի դեմ՝ գնաճով պայմանավորված։
«Արդեն որոշ ժամանակ է՝ մենք փորձում ենք միաժամանակ մի քանի ճգնաժաների դեմ պայքարել՝ կադրերի անբավարարություն, կորոնավիրուսի համավարակ, հումքի արժեքի կտրուկ աճ, իսկ հիմա էլ էներգիայի արժեքի թռիչք եւ հետագա ծախսերի աճ անձնակազմի հետ կապված»,- ասել է Շլեհթրիմենը։
Նա նշել է նյութերի 50 տոկոսով թանկացման մասին։ Եվ «հիմա նաեւ էներգիայի արժեքի ճգնաժամ էլ կա։ Մենք առայժմ միայն մոտ 70 տոկոսի աճ ենք նկատել, որովհետեւ վառարանների համար դիզելային վառելիք ենք օգտագործում։ Պետք է զգուշանալ գների քառակի ավելացումից»։