Ազգի «ջոջերը» չեն կարողացե՞լ ընդհանուր հայտարարի գալ․ «Հրապարակ»
Հայաստանի 3 եւ Արցախի 2 նախագահների` կաթողիկոսի նստավայրում եւ նրա մասնակցությամբ տեղի ունեցած հանդիպումից հետո տարածված «թույլ» հաղորդագրությունը շատերին հիասթափեցրեց` մարդիկ գործողություն էին սպասում, մինչդեռ կարդացին միայն, որ «տեղի է ունեցել շահագրգիռ քննարկում, որոշում է ընդունվել շարունակել հանդիպումները»: Տպավորություն ստեղծվեց, որ ազգի «ջոջերը» չեն կարողացել ընդհանուր հայտարարի գալ եւ հարթել իրենց տարաձայնությունները: Սակայն մեզ ասացին, որ հանդիպումն անցել է բավականին համերաշխ մթնոլորտում, նախկին «մրցակից» նախագահներն առանձնապես ամբիցիաներ չեն ցուցադրել: Քանի որ հանդիպմանն ընդամենը 6 անձ է մասնակցել, պայմանավորվել են ինֆորմացիայի արտահոսք թույլ չտալ. «թշնամուն», այս դեպքում` հայ հասարակությանը, չտեղեկացնել, թե ինչ են խոսել:
Մեզ հաջողվեց պարզել միայն, որ քննարկման արդյունքում մասնակիցները եկել են եզրահանգման, որ ունեն ինֆորմացիայի որոշակի պակաս՝ կապված ստեղծված իրավիճակի եւ Նիկոլ Փաշինյանի հետագա քայլերի հետ։ Որոշել են չշտապել, որովհետեւ լիարժեք տեղեկացված լինելը շատ կարեւոր է: Ծրագրում են առաջիկա մի քանի օրվա ընթացքում հնարավոր խողովակներով ինֆորմացիա հավաքել, թե ինչ է կատարվում արտաքին քաղաքական դաշտում, եւ ինչ է պատրաստվում անել Նիկոլ Փաշինյանը, ապա նորից հանդիպել՝ արդեն ավելի առարկայական որոշումներ ընդունելու նպատակով։ Դրանից հետո նոր կլինեն ավելի հստակ եւ հասցեական հայտարարություններ, որտեղ պահի գնահատականը տրված կլինի, որոշ լուծումներ նախանշված կլինեն, թե ինչպես կարելի է դիմակայել նոր սպառնալիքներին, եւ կոնկրետ այս պարագայում ինչ պետք է անի կամ ինչ չպետք է անի Փաշինյանը։