«Ժողովուրդ». Ոստիկանությունը՝ միակ հենարան. 9 մլրդ դրամ պարգևավճարների համար
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Վերջին շրջանի զարգացումները 2020 թվականից հետո ցույց են տալիս, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության միակ հենարանը մնացել են ոստիկանները միայն: Դա, կարծեք թե, փոխադարձ վերաբերմունք է, որովհետեւ Նիկոլ Փաշինյանն իր իշխանության հատկապես վերջին տարիներին մեծ ուշադրություն է դարձնում ոստիկանության աշխատողներին, եւ ոստիկանությանը տալիս է ահռելի մեծ թվերով պարգեւավճարներ՝ մյուս բոլոր պետական գերատեսչությունների համեմատ:
Պետական պարգեւատրումների ցանկի առաջին տեղում է ՀՀ ոստիկանությունը, որը պահպանում է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, եւ որին հատկացված պարգեւատրումները, ներառյալ՝ դրամական խրախուսումները եւ հատուկ վճարները, կազմում են 9 մլրդ 163 մլն 873 հազար դրամ: Հատկանշական է, որ մենք ոստիկանությունից բացի ունենք պետական համակարգի շատ ավելի կարեւոր գործառույթ իրականացնող աշխատակիցներ, ինչպիսիք են պաշտպանության նախարարությունը, ազգային անվտանգության ծառայությունը եւ այլ կառույցներ: Իհարկե, պաշտպանության նախարարությանը հատկացվող պարգեւատրումների ֆոնդը գաղտնի է պահվում, բայց, վստահաբար, ոստիկանությունից շատ չէ, ու ոստիկանությունը գերիշխում է շատ պարգեւավճար ստացող գերատեսչությունների ցանկը:
Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը ոստիկանության հետ «գործարքի» է գնացել. «ես ձեզ կտամ փող, դուք կպահեք իմ իշխանությունը», ու, այսպես էլ, 2020 թվականից մինչեւ հիմա, այս համերաշխության մեջ ապրում է: Տպավորություն է, որ մի ողջ ոստիկանական համակարգ Նիկոլ Փաշինյանի համար թիկնապահ է աշխատում եւ նրա անվտանգությունն է ապահովում, որի վառ եւ ամենատպավորիչ դրսեւորումն եղավ Եռաբլուրում, երբ ոստիկանները ուժով ծնողներին իրենց որդիների գերեզմանից հրեցին ու հեռացրեցին, որպեսզի Փաշինյանը գա ու ծաղիկ դնի իրենց որդիների գերեզմաններին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում