Չինաստանում երկրաշարժից հետո 17 օր կորած տղամարդուն ողջ են գտել
Չինաստանի հարավ-արևմուտքում տեղի ունեցած երկրաշարժից հետո 17 օր շարունակ լեռներում կորած տղամարդուն փրկել են, հաղորդում է BBC-ն: Սեպտեմբերի 5-ին Սիչուան նահանգում տեղի ունեցած 6,6 մագնիտուդով երկրաշարժը խլել է 93 մարդու կյանք, ավելի քան 400-ը վիրավորվել է:
Գան Յուն իր գործընկեր Լուո Յոնգի հետ մնացել էր, որպեսզի օգնի վիրավոր գործընկերներին ՀԷԿ-ում, որտեղ նա հերթապահում էր: Ավելի ուշ Գանը և Յոնգը փորձել են հեռանալ՝ քայլելով հիդրոէլեկտրակայանի շրջակայքի լեռներում: Սակայն Գանը, ով ուժեղ կարճատեսություն ունի, երկրաշարժի հետևանքով կորցրել էր ակնոցը, և դժվարանում էր տեղաշարժվել լեռնոտ տեղանքով։
Մինչ փրկարարները տարածքում որոնում էին ողջ մնացածներին, երկու տղամարդիկ փորձում էին օգնության ազդանշան տալ, սակայն անհաջող:
«Մենք հանեցինք մեր հագուստները, կապեցինք ծառերի ճյուղերի վրա և թափահարեցինք դրանք», – ասել է պարոն Լուոն տեղական լրատվամիջոցներից մեկին:
Ի վերջո, Լուո Յոնգը գնացել է օգնություն փնտրելու՝ Գան Յուին թողնելով մամուռից և բամբուկի տերևներից պատրաստված ժամանակավոր մահճակալով, իսկ որպես ուտելիք թողնելով վայրի մրգեր ու բամբուկի ծիլեր։
Լուոյին գտել են սեպտեմբերի 8-ին. փրկարարների ուշադրությունը գրավելու համար նա կրակ էր վառել: Բայց երբ երեք օր անց գտնվել էր նրա նախկին ուղեկցի ապաստանը, Գանն այլևս այնտեղ չէր:
Փրկարարները հայտնաբերել էին միայն դեն նետված հագուստ և ենթադրել, որ նա մահացել է հիպոթերմիայից:
Այս շաբաթ ՀԷԿ-ի մոտ ապրող մի ֆերմեր միացել էր որոնողական աշխատանքներին՝ օգտագործելով իր գիտելիքները տեղանքի մասին: Մի քանի ժամ անց նա լսել էր պարոն Գանի բղավոցները և գտել նրան ծառերի տակ։
Ավելի ուշ փրկարարները հասել էին դեպքի վայր և Գանին տեղափոխել հիվանդանոց, որտեղ նրան բուժօգնություն են ցուցաբերել կոտրվածքների համար: