Ալեն Սիմոնյանի եղբոր հետ առնչվող «Եվրոասֆալտ» ՓԲԸ-ն տույժերի և տուգանքների չի ենթարկվի
2019 թվականին հիմնադրված և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր՝ Կառլեն Սիմոնյանի հետ կապվող «Եվրոասֆալտ» ՓԲԸ-ն երկու տարվա ընթացքում ոչ միայն հասցրել է ասֆալտ փռելու գործում դառնալ մեկ անձից գնումներ կատարողների շարքում առաջատարը, այլ նաև պայմանագրային պարտավորությունները չկատարելու՝ ասֆալտը նախատեսված ժամկետում չփռելու համար չի ենթարկվի տույժերի և տուգանքների, գրել է 168.am-ը։
Տարածքային Կառավարման և զարգացման նախարար Գնել Սանոսյանն է Կառավարության համաձայնությանը ներկայացրել մի որոշում, որով նախարարությունը նախատեսում է երկարաձգել «Եվրոասֆալտ» ՓԲԸ-ի հետ 2021 թվականի սեպտեմբերի 3-ին կնքված պայմանագրով աշխատանքների կատարման համար սահմանված ժամկետը՝ կապալառուի նկատմամբ չկիրառելով տույժեր:
Ժամանակին չկատարված աշխատանքի դիմաց պայմանագրի երկարաձգումը հիմնավորվում է նրանով, որ այս ընկերությունը սահմանված ժամկետում չի կատարել պարտավորությունները վերգետնյա գազատարի հենասյուների տեղափոխման, ինչպես նաև ճանապարհային երթևեկության ինտենսիվ և ծանրաբեռնված լինելու պայմանների պատճառով առաջացել է աշխատանքների կատարման անհնարինություն, հենց այդ հիմքով էլ նախարարը կարծում է, որ պետք չէ տույժի ենթարկել: Իսկ, թե քանի միլիոն դրամ տույժի մասին է խոսքը՝ որոշման նախագծում նշված չէ։
Գնել Սանոսյանի ղեկավարած նախարարության ներկայացրած ընկերությանը տույժի չենթարկելու առաջարկին դեմ է արտահայտվել Ֆինանսների նախարարությունը՝ նշելով, որ այդ հանգամանքը շինարարական նորմերի ապահովման տեսակետից կանխատեսելի էր ինչպես պատվիրատուի համար՝ նման բնույթի և ծավալի աշխատանքներ պատվիրելիս, այնպես էլ՝ կապալառուի համար, որպես իր ռիսկով ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող միավոր։
Հիշեցնենք, որ ըստ ՀԵՏՔ-ի՝ Գնել Սանոսյանի ղեկավարած նախարարության առաջարկով տույժի չենթարկված «Եվրոասֆալտ» ՓԲԸ-ի 90 %-ի բաժնետերը Սվետլաննա Պողոսյանն է, որի գրանցման հասցեում է հաշվառված 24-ամյա Արգինե Արսենի Միքայելյանը, որն աշխատում է շինարարական մեկ այլ՝ «Թի Էս Քնսթրաքշն» ՓԲԸ-ում, որը հիմնադրվել է 2019 թվականին և գործում է այն նույն հասցեում, որտեղ գործում է նաև «ԵվրոԱսֆալտ» ընկերությունը, իսկ «Թի Էս Քնսթրաքշն» ՓԲԸ-ում փոխտնօրեն է աշխատել Ալեն Սիմոնյանի եղբայրը՝ Կառլեն Սիմոնյանը։
Նշենք նաև, որ ըստ Fip.am-ի՝ 2020 թվականին «Թի Էս Քնսթրաքշնը» 5 միլիոն դրամ է նվիրաբերել ՔՊ-ին, որն արտացոլվել է կուսակցության տարեկան հաշվետվության մեջ: