«Փելոսիի խոսքերը, անշուշտ, շատ հաճելի են մեզ համար, բայց դրանք միայն բարոյական ազդեցություն ունեն»․ Հարութ Սասունյան
«Փելոսիի խոսքերը, անշուշտ, շատ հաճելի են մեզ համար, ճշգրիտ խոսքեր ասաց, բայց դրանք միայն բարոյական ազդեցություն ունեն»,- 24news.am-ին ասել է «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր, ամերիկաբնակ լրագրող Հարութ Սասունյանը՝ անդրադառնալով Հայաստան կատարած այցի ընթացքում ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հնչեցրած հայտարարություններին։
Ըստ Հարութ Սասունյանի՝ Փելոսիի խոսքերը գործնական ազդեցություն չեն ունենա․ զսպող ազդեցություն չեն ունենա նաև Թուրքիայի և Ադրբեջանի վրա։
«Փելոսին Հայաստան եկավ, հայանպաստ խոսքեր ասաց, իրենք էլ (Թուրքիան ու Ադրբեջանը-խմբ․) պատասխանում են Փելոսիին։ Փելոսին ասաց՝ «եկել եմ, ստուգում եմ կացությունը, և ի՞նչ եք դուք ինձ ասելու», այդքան բան։ Երբ որ իրեն հարցրին Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին, Փելոսին չպատասխանեց այդ հարցին»,- ընդգծել է Հարութ Սասունյանը։
«Մենք շատ հուզական ժողովուրդ ենք․ միանգամից չափազանցացնում ենք, հետո՝ միանգամից հուսալքվում։ Ես դեմ չեմ Փելոսիի խոսքերին, շատ հաճելի խոսքեր ասաց, հայանպաստ խոսքեր։ Բայց չպետք է չափազանցացնենք, ոչ էլ զրոյացնենք իր այցելությունը և հայտարարությունները։ Եվ ոչ էլ ասենք, որ եկավ, մեզ փրկեց», - հավելել է նա։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։