Իրանն առաջին անգամ ցուցադրել է իր մեծ հեռահարություն նոր բալիստիկ հրթիռները
Իրանն առաջին անգամ ցուցադրել է իր մեծ հեռահարության նոր «Խեյբարշեկան» եւ «Ռեզվան» բալիստիկ հրթիռները, հայտնում է Mehr-ը։
Զինված ուժերի շքերթի ժամանակ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) բարձր ճշգրտության մեծ հեռահարության բալիստիկ հրթիռ է ներկայացրել, որը ստացել է «Խեյբարշեկան» անվանումը։ Հրթիռը կարող է բարձր ճշգրտությամբ թիրախներ խոցել մինչեւ 1450 կիլոմետր հեռավորության վրա։
Իրանի ԶՈւ-ն առաջին անգամ ներկայացրել է նաեւ «Ռեզվան» երկիր-երկիր բալիստիկ հրթիռը։ Այն միաստիճան հրթիռ է՝ անջատվող մարտագլխիկով, մինչեւ 1400 կիլոմետր հեռահարությամբ, կարող է գործարկվել տարբեր ստացիոնար եւ շարժական հարթակներից:
Զորահանդեսի ընթացքում Իրանի զինված ուժերը նաեւ մի շարք այլ հայրենական ԱԹՍ-ներ, բալիստիկ հրթիռային համակարգեր, հեռահար ռադիոտեղորոշիչ համակարգեր է է ցուցադրել։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերը նաեւ առաջին անգամ ներկայացրել են իրենց «Սեւվոմ-է Խորդադ» միջին հեռահարության ճանապարհային շարժական զենիթահրթիռային համակարգի նմուշը։
«Սեւվոմ-է Խորդադ» հակաօդային պաշտպանության համակարգն ի վիճակի է դիմակայել տարբեր տեսակի օդային թիրախներին, այդ թվում՝ ուղղաթիռներին, կործանիչներին, անօդաչու սարքերին եւ թեւավոր հրթիռներին: