«Եռաբլուրում» ոստիկանության գործողությունների հետ կապված ծառայողական քննություն է նշանակվել
Սեպտեմբերի 21-ին Եռաբլուրում ոստիկանության գործողությունների հետ կապված՝ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հանձնարարությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է կատարվում: Այս մասին հայտնում են ոստիկանությունից։
Նշենք, որ երեկ վաղ առավոտյան ոստիկանները «Եռաբլուր»-ից բռնի ուժի գործադրմամբ բերման են ենթարկել 37 քաղաքացու՝ զոհված զինծառայողների ծնողներին, որոնք ցանկանում էին թույլ չտալ Նիկոլ Փաշինյանին՝ մուտք գործել պանթեոն՝ նշելով, որ իրենց որդիների մահվան մեղավորը չի կարող մուտք գործել «Եռաբլուր»։
Ոստիկանությունից հայտնել են, որ նրանք բերման են ենթարկվել՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով՝ ոստիկանների օրինական պահանջը չկատարելու համար, թեեւ տեսանյութերում պարզ երեւում է, որ ոստիկանները որեւէ պահանջ չեն ներկայացրել, նախ ուժի գործադրմամբ բերման են ենթարկել հայրերին, ապա նաեւ՝ մայրերին։
Բերման ենթարկված մայրերից երկուսը վնասվածքներ են ստացել։