ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի թիմն այցելել է ադրբեջանական կրակոցներից տուժած համայնքներ
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի թիմը՝ ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահիայի գլխավորությամբ, այցելել է Գեղարքունիքի մարզ` ադրբեջանական գնդակոծությունից տուժած համայնքներ։ Տեղեկությունը հրապարակվել է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ֆեյսբուքյան էջում։
«ՄԱԿ-ի իմ գործընկերների հետ այցելեցինք Գավառ, Շատվան, Նորաբակ, Կութ, Սոթք։ Ականատես եղա մարդկանց՝ տղամարդկանց, կանանց, երիտասարդների և երեխաների մեծ տխրությանն ու տառապանքին. շատերը նախկինում ևս բախվել են համայնքների, ապրուստի միջոցների և տների կորստի հետ: Խորապես տպավորված եմ բնակիչների տոկունությունից և իրենց երկրում խաղաղ և անվտանգ ապրելու համար իրենց իրավունքները պաշտպանելու կոչերից», - ասել է Լիլա Փիթրս Յահիան:
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16-ին կառավարության նիստի ժամանակ հայտնեց, որ հայկական կողմի զոհերի ճշտված թիվը 135 է։
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ է սահմանվել, որը պահպանվում է մինչ այս պահը։
ՀՀ Անվտանգության խորհրդի հայտարարության համաձայն` Ադրբեջանի զինված ուժերի լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: