«Հրապարակ». Արթուր Վանեցյանի եղբայրը ՌԴ-ում նոր գործարան է գնել եւ դարձել ոլորտի խոշորագույն արտադրողը
«Հրապարակ». Արթուր Վանեցյանի եղբայրը ՌԴ-ում նոր գործարան է գնել
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ռուսական մամուլը գրեց հերթական բազմամիլիոնանոց գործարքի մասին։ Այս անգամ խոսքը Bunge ագրոարդյունաբերական ընկերության մասին էր, որին պատկանում է Oleyna հայտնի ապրանքանիշը, անգամ Հսյաստանում այս ձեթը հայտնի է, վաճառվում է ցանկացած խանութում:
Նման գործարքները վերջին շրջանում բազմաթիվ են, արևմտյան ընկերությունները, սանկցիաներով պայմանավորված, լքում են ռուսական շուկան, իսկ ռուսական ընկերությունները ՌԴ իշխանությունների աջակցությամբ գնում են նրանց ակտիվները: Այս գործարքը հետաքրքիր չէր լինի, եթե հաղորդագրության մեջ չլիներ նոր գնորդի անունը։ Պարզվում է Bunge յուղամշակման բիզնեսը վաճառվել է Exoil Group-ին, որի վերահսկիչ բաժնետերը Կարեն Վանեցյանն է՝ «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի հարազատ եղբայրը:
130 միլիոն դոլար արժեք ունեցող բիզնեսի գործադիր տնօրեն Գրեգ Հեքմանը վստահություն է հայտնել, «որ ագրոբիզնեսի ոլորտում քսանհինգ տարվա փորձ ունեցող Վանեցյանի ղեկավարությամբ թիմը կշարունակի բավարարել հաճախորդների կարիքները»: Պարզվում է՝ սա Կարեն Վանեցյանի երկրորդ գործարանն է, առաջինը նա ստեղծել է 2014 թվականին զրոյից, իսկ ոլորտում գործունեություն է ծավալել 1997 թվականից, այս գործարանի գնմամբ Կարեն Վանեցյանի «ExOil Group» ՍՊԸ-ն ռուսական շուկայում դարձել է, ձեթի խոշորագույն արտադրող: Գործարանը գտնվում է Վորոնեժում:
«ExOil Group»-ի կայքը ուսումնասիրելիս մի հետաքրքիր բաժին նկատեցինք՝
«Վստահության գծերի» բաժինը, որտեղ ընկերության աշխատակիցներին հնարավորություն է տրված կապ հաստատել «MC «ExOil Group» ՍՊԸ-ի անվտանգության ծառայության հետ և հայտնել ExOil Group ընկերությունների խմբի օբյեկտներում գողության և կոռուպցիոն դրսևորումների մասին՝ դրանք կանխելու և բացահայտելու համար:
Այս բաժնում նշվում է, որ կապի ուղիները սահմանափակվում են բացառապես «MC «ExOil Group» ՍՊԸ-ի անվտանգության ծառայության ստորաբաժանումով, որի անմիջական ղեկավարն է գլխավոր տնօրենը` Կարեն Վանեցյանը: Թերևս ԱԱԾ նախկին տնօրենի եղբոր հաջողության գրավականներից մեկը հենց այս բաժինն է, որտեղ աշխատակիցները կարող են տեղեկություններ տալ, եթե չեն պատրաստվում այն օգտագործել զրպարտության, դիտավորյալ կեղծիք տարածելու, պատիվն ու արժանապատվությունը վարկաբեկող տեղեկատվության տալու, անձնական նպատակների հասնելու, օգուտներ ստանալու, հաշիվներ մաքրելու համար։
Փաստորեն, ԱԱԾ աշխատանքին բնորոշ մեթոդները բիզնեսում կիրառելու հնարամիտ տարբերակ է գտել Կարեն Վանեցյանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում