Մոտ օրերս կհանդիպեն. «Հրապարակ»
Մոտ օրերս, գուցե հենց այսօր, կայանալու է ՀՀ երեք նախագահների` Լեւոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի հանդիպումը, որին մասնակցելու է նաեւ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն: Հանդիպումը, հավանաբար, տեղի կունենա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Թեման հայտնի է` Հայաստանի ծանր իրավիճակը եւ այդ իրավիճակից դուրս գալու ելքերի փնտրտուքը: Սակայն մինչ հայ հանրությունը մեծ հույսեր է կապում, որ այս պատկառելի խումբն իշխանափոխություն է իրականացնելու եւ ստանձնի երկրի կառավարումը, մեզ հայտնի դարձավ, որ տրամադրվածությունը բոլորովին այլ է:
Այս նախաձեռնության մեջ ակտիվ դերակատարում ունի Լեւոն Տեր-Պետրոսյանը, ով իր առաջ խնդիր է դրել՝ բացատրել մյուսներին, թե ինչ վտանգներ են ծառացած մեր երկրի գլխին, եթե մենք գնանք առճակատման եւ չզիջենք Ադրբեջանին, ուստի փորձելու է համոզել, որ եկեք միասին սատար կանգնենք գործող իշխանություններին: Այնպես, ինչպես արեց ինքը 1999 թվականի հոկտեմբերի 27-ին` կոչ անելով համախմբվել Ռոբերտ Քոչարյանի իշխանության շուրջ: