Ադրբեջանական հարձակման հետեւանքով զոհված 19-ամյա Հայկ Հովհաննիսյանը ֆուտբոլիստ էր (ֆոտո)
Սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերն Ադրբեջանի սանձազերծած հարձակման հետեւանքով զոհվել է 19-ամյա պարտադիր ժամկետային զինծառայող Հայկ Հովհաննիսյանը։
Հայկն Արմավիրի մարզի Մերձավան գյուղից էր։ Բանակ էր զորակոչվել նախորդ տարվա ամռանը, ծառայում էր Գորիսում։ Հայկի եղբայրը 44-օրյա պատերազմի մասնակից է։
Հայկը սովորում էր Հայաստանի ֆիզկուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի ֆուտբոլի բաժնում։ Խաղում էր Էջմիածնի ֆուտբոլային ակումբում։
«Հայկի մտերիմ ընկերոջ անունը նույնպես Հայկ էր ու իրենց տարբերելու համար բակում իրեն խուճուճ Հայկո էինք ասում։ Շատ բարի էր Հայկոն, բարեհամբույր, ընկերասեր ու նվիրվող»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հայկի համագյուղացին՝ Սոնա Գաբրիելյանը:
Հայկը զոհվել է թշնամու հետ դիրքային մարտում։
Նրա հուղարկավորությունը տեղի կունենա վաղը՝ սեպտեմբերի 22-ին, Մերձավան գյուղում։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սահմանի ողջ երկայնքով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել էին ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաեւ ԱԹՍ-ներ: Հակառակորդը հարվածում էր թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական օբյեկտներին։ Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ սեպտեմբերի 14–ին, ժամը 20։00–ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է, էական միջադեպեր չեն արձանագրվել։ Սեպտեմբերի 21-ի դրությամբ՝ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել:
Վերջին տվյալով՝ զոհվածների եւ անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, գերեվարվել է 20 զինծառայող։