«Ունենք քարտեզներ, որոնք Հայաստանն ու Ադրբեջանը վավերացրել են 1970 թվականին. Ադրբեջանը ստում է». 168.am
168.am-ի հետ զրույցում ԳԱԱ պատվավոր դոկտոր, քարտեզագետ Ռուբեն Գալիչյանը ասել է, որ Ադրբեջանը ցանկանում է հնարավորինս մեծացնել իր տարածքները, ընդարձակվել Հայաստանի հաշվին։
«Խորհրդային Միության փլուզումից հետո, երբ ստեղծվեցին 12 հանրապետությունները, Բալթյանները հանում եմ շարքից, բոլորի սահմանները նույնն են, ինչ որ Խորհրդային օրերին գծվել էին՝ Խորհրդային շտաբն էր գծել։ Այսօր մենք ունենք քարտեզներ, որոնք Հայաստանն ու Ադրբեջանն իրար մեջ վավերացրել են 1970 թվականին։ Ըստ այդ քարտեզների՝ Սև լիճն ամբողջությամբ Հայաստանի տարածքում է, բացի մի փոքր շերտից, Վարդենիսի այն շրջանները, որտեղ թշնամին առաջ է եղել, դրանք եղել են ՀՀ սուվերեն տարածքում։ Ադրբեջանը շատ լավ գիտի, որ այդ քարտեզներն իրենք վավերացրել են, և լավ գիտի, որ ապօրինի է առաջ եկել ՀՀ տարածք։ Նրանք ստում են, և ցավալին այն է, որ ՀԱՊԿ-ն էլ է ստում, ասում է՝ այդ քարտեզները հայտնի չեն, մինչդեռ Խորհրդային Միության շտաբն ինքն է այդ քարտեզները ժամանակին գծել և երկու կողմերին վավերացնել տվել»,- նշեց Ռուբեն Գալիչյանը։
Ըստ քարտեզագետի, եթե Ադրբեջանն ասում է, որ նման քարտեզ գոյություն չունի, նշանակում է՝ Խորհրդային Միության որևէ երկիր այս պահին սահմաններ չունի, քանի որ այդ քարտեզները վերաբերում են Ուկրաինային, Բելառուսին և խորհրդային տարածքի մյուս երկրներին։
«Արցախյան 44-օրյա պատերազմը թույլ է տալիս Ադրբեջանին ընդարձակվել, ավելին՝ ստել, հայտարարելով, թե Հայաստանն ամբողջ Ադրբեջանի տարածքում է եղել։ Մինչդեռ Ադրբեջանը որպես երկիր՝ ստեղծվել է 1918 թվականին, դրանից առաջ Ադրբեջանը գոյություն չի ունեցել, բացի Պարսկաստանի Ատրպատական նահանգը։ Հիմա իրենք ստեղծվել են 1918 թվականին ու պահանջում են, որ ամբողջ երկրների տարածքներն իրենցը լինեն։ Հիմա մեր պետական իշխանությունն Ադրբեջանին պետք է ցույց տա, որ իրենք գոյություն չեն ունեցել, ինչպես են նման պահանջներ ներկայացնում։ Իսկ եթե իրենք ուզում են ըստ Սահմանադրության իրենց սահմանները նշել 1918-1920 թվականների Ադրբեջանի սահմանները, ապա այդ ժամանակ ՀՀ տարածքում որևէ ադրբեջանական անկլավ գոյություն չուներ, Նախիջևանն էլ Ադրբեջանինը չէր։ Խորհրդային տարիներին, երբ Ստալինն Ադրբեջանին ուղղակի նվիրեց Ղարաբաղը և Նախիջևանը, Ադրբեջանը դա ընդունում է, ասում է, իրենց ձեռնտու էր։ Բայց, երբ ժամանակն է գալիս սահմանները որոշելու, Ադրբեջանը հայտարարում է, թե ինքը Խորհրդային Ադրբեջանի ժառանգորդը չէ։ Ստացվում է, որ Ադրբեջանին ինչը ձեռնտու է՝ վերցնում է Խորհրդային շրջանի քարտեզներից, ինչը ձեռնտու չէ՝ դա չեն հիշատակում»,- հավելեց Ռուբեն Գալիչյանը։
Միաժամանակ նա ընդգծեց, որ եթե Ադրբեջանը ցանկանում է, որ Հայաստանը ճանաչի Խորհրդային Ադրբեջանի սահմանները, պետք է Նախիջևանից հրաժարվեն, որովհետև այն հայկական պատմական տարածք է։
Քարտեզագետը նաև հիշեցրեց, որ Ադրբեջանը 2007 թվականին մի գիրք է հրատարակել՝ «Արևմտյան Ադրբեջանի տարածքը», գրքի հենց սկզբում ՀՀ տարածքն է գծված և գրված է՝ «թուրքերի հայրենիք Արևմտյան Ադրբեջան»։
«Այդ գրքում ամբողջ Հայաստանից սկսած՝ Ուրարտական ժամանակներից մինչև այսօրվա Էջմիածին ու Տաթև, անվանել են թուրքական տաճարներ։ Այսինքն՝ ըստ Ադրբեջանի, ամբողջ Հայաստանը թուրքական է, մինչևդեռ Ադրբեջանը ստեղծվել է 1918 թվականին, իսկ Հայաստանը գոնե քարտեզների վրա 2600 տարվա անցյալ ունի»,- եզրափակեց Ռուբեն Գալիչյանը։
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: