Շակիրան առաջին անգամ խոսել է Պիկեից բաժանվելու մասին
Երգչուհի Շակիրան կեցվածք է ընդունել ամերիկյան Elle-ի շապիկի համար և ամսագրին անկեղծ հարցազրույց տվել, որում պատմել է իր զգացմունքների մասին՝ կապված ամուսնու՝ ֆուտբոլիստ Ժերար Պիկեի դավաճանության հետ։
Երգչուհին խոստովանել է, որ այժմ ապրում է իր կյանքի «ամենամութ օրերը», և երգ գրելն իր վրա թերապևտիկ ազդեցություն է թողնում։
Պատասխանելով ամուսնու դավաճանության պատճառով բաժանվելու մասին հարցին՝ Շակիրան ասել է, որ իր համար դժվար էր խոսել այս թեմայի շուրջ, և առաջին անգամ է ինքը դա անում հրապարակավ։
Երգչուհին նշել է, որ իր երեխաները՝ 9-ամյա Միլանն ու 7-ամյա Սաշան, նույնպես ծանր իրավիճակում են, նաև այն պատճառով, որ ամբողջ ընտանիքը հալածվում է պապարացիների կողմից։
«Պապարացիները փողոցում են 24/7, և չկա մի տեղ, որտեղ ես ու երեխաներս թաքնվենք նրանցից, բացի իմ սեփական տնից։ Տեսեք, մենք չենք կարող սովորական ընտանիքի պես զբոսնել այգում, կամ պաղպաղակ ուտել, կամ այլ բան անել, որ պապարացիները մեզ չհետևեն»,- դժգոհել է Շակիրան։
Նա բացատրել է, որ փորձում է պաշտպանել իր երեխաներին, բայց կարծում է, որ այս ամենը «մղձավանջ է», և դիտելով, թե ինչպես են լրատվամիջոցները «գռեհիկացնում և էժանացնում» իր ընտանեկան հարաբերությունները, որոնք նա սուրբ է համարում, երգչուհին հիասթափվում է։
Շակիրան նաև խոստովանել է, որ զոհաբերել է իր կարիերան հանուն ամուսնու։
«Ես ներդրեցի այն ամենը, ինչ ունեի այս հարաբերությունների և իմ ընտանիքի մեջ», - ասել է նա:
Ըստ Շակիրայի՝ 2014 թվականին, երբ իր որդին՝ Միլանը գնաց մանկապարտեզ, ինքը հասկացավ, որ պետք է հաստատվի Բարսելոնայում, որտեղ խաղում էր իր ֆուտբոլիստ ամուսինը։
«Որպես ֆուտբոլիստ նա ցանկանում էր ֆուտբոլ խաղալ և տիտղոսներ նվաճել, և ես պետք է աջակցեի նրան: Դե, ինչ-որ մեկը պետք է ինչ-որ բան զոհաբերեր, չէ՞: Կամ նա կխզեր պայմանագիրը «Բարսելոնայի» հետ և ինձ հետ կտեղափոխվեր ԱՄՆ, որտեղ իմ կարիերան էր, կամ, ընդհակառակը, ես էի ստիպված լինելու անել դա »,- ասել է երգիչը։