Օրն անկախությանն է, ժամանակը՝ վտանգված անկախությամբ․ Արսեն Բաբայան
«Օրն անկախությանն է, ժամանակը՝ վտանգված անկախությամբ»,- ՀՀ անկախության օրվան նվիրված իր գրառման մեջ նշել է «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանը։
«Այսօր օրն է Հայաստանի Անկախության։ Սակայն մեր ժողովրդի երազանք անկախությունը վտանգված է առավել, քան երբևէ։ Սրա գիտակցումը մտորելու առիթ է տալիս. արդյոք Անկախությունն իսկապես ազգային կամ ժողովրդական գիտակցված երազա՞նք է մեզ համար։ Այս հարցն ինքներս մեզ տալուց մտքներումս անմիջապես «Այո» ենք պատասխանում։ Հենց այդպես էլ արեցինք 1991 թվականի սեպտեմբերի 21-ին։ Գնացինք և «Այո» ասացինք անկախությանը։ Գիտակցո՞ւմ էինք արդյոք, որ միայն այդ օրը քվեախցիկում թղթին մեկ հատ «Այո» ասելով չեն ունենում, առավել ևս չեն պահպանում պետական անկախությունը։ Կարծում եմ՝ հիմա, երբ իրապես վտանգված է մեր անկախությունը, մեր պետության ապագան, քչերն են մտածում, թե բոլորս հենց այդպես էինք վերաբերվում մեր անկախությանը։ Արդյոք բոլորս, քվեախցիկում այդ «Այո» -ն ընտրելիս, հստակ գիտակցում, ընդունում և պատրա՞ստ էինք, որ այդ Անկախությունն ունենալու և պահպանելու համար յուրաքանչյուրիս ամենօրյա ջանքը պարտավոր ենք դնել հենց դրա ուղղությամբ։ Որ դրանից հետո մենք ամեն օր պետք է ապրենք ու արարենք այնպես, որ Անկախությունը երբևէ չվտանգվի։ Հուսով եմ՝ չեք մտածում, թե դրա համար բացառապես պիտի պետական իշխանությունը մտածեր և պատասխանատու լիներ։ Ամենևին այդպես չէ։ Դրա համար պատասխանատու ենք յուրաքանչյուրս, ամենքս՝ մեր մտածողությամբ, մեր առօրյան ապրելու ձևով, մեր ընտանիքների ստեղծման հիմքում դրվելիք արժեքներով, մեր երեխաների համար պատմվելիք հեքիաթների ընտրությամբ, մեր առողջ ավանդույթների պահպանմամբ, մեր խմելու ջուրն օգտագործելու ձևով, նույնիսկ՝ փողոցում քայլելիս մեր վարքագծով։
Արդյոք ժամանա՞կը չէ, որ ինքներս մեզ հետ լինենք ազնիվ։
Ժամանակակից աշխարհում պատերազմները չեն սկսվում «սեպտեմբերի 27»-երով և չեն տևում ընդամենը «44» օր։ Մինչև բուն ռազմական հարձակում սկսելը թշնամի պետությունները երկար աշխատանք են իրականացնում։ Նրանք նախ հարձակվում և գրավում են մայրաքաղաքների կարևորագույն «բարձունքները», որից հետո անցնում զենքով հարձակման։ Պատերազմը չի ավարտվում նաև հրանոթների լռելով։ Պատերազմները չեն ավարտվում, քանի դեռ չեն ազատագրվել մայրաքաղաքաների կարևորագույն «բարձունքները»։ Ուրեմն, պատերազմի արդյունքի կամ հետևանքի համար պատասխանատու և մեղավոր են ոչ միայն զինվորականները, ոչ միայն քաղաքական իշխանությունը, այլ՝ ամբողջ պետական իշխանությունը։
Շնորհավոր տոնդ, Անկախ Հայաստան»,- սոցցանցի իր էջում գրել է Արսեն Բաբայանը։