«Սրբապի՛ղծ, մի՛ արի մեր տղաների շիրիմին ու դերասանավարի չոքի»․ զոհվածի հայրը՝ Փաշինյանին
Չենք ուզում, որ գաս մեր երեխաների շիրիմին, սրբապի՛ղծ, մի՛ արի, այդ 4 քառակուսին մեր սեփականությունն է, չենք ուզում, մի՛ արի։ Այս մասին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց զոհված զինծառայողներից մեկի հայրը։
«Այստեղ գտնվող բոլոր ծնողները համաձայն են ինձ հետ, քանի դու կաս, այս սրբավայրը պղծվում է, քո ձեռքով սպանել ես այս երեխաներին, հիմա դերասանավարի գալիս, չոքում ես, ղալաթ ես անում, որ գալիս ես, մեր տղաների շիրիմները պետք է մաքուր մնան։ ԱԺ-ում թող դարպասները փակեն, յուրաքանչյուրը մի զենք վերցնի ու գնա Ջերմուկում սահմանը պահի, թուրքը 12 հոգով սահմանը 10 կմ-ից սարքել են 4․5 կմ»,- ասաց նա։
Զոհվածի հայրը ասաց, որ կարմիր և սև բերետավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն ծնողներին, այդ թվում՝ մայրերին մարմնական վնասվածքներ հասցնելու համար։
«Տղերքը զոհվել են հանուն իրենց մայրերի, որպեսզի այսօր նրանց ձեռքերը ոլորեն ու տանե՞ն այստեղից։ Եթե որևէ մեկը ՔՊ-ական պատգամավորներից եկավ իմ տղայի շիրիմին ծաղիկ դնելու, նշանակում է՝ այդ գերեզմանը պղծվում է։ Անահիտ Ավանեսյանը պետք է բերի՞ ու իմ տղայի շիրիմի՞ն ծաղիկ դնի, չեմ թողնելու»,- ասաց զոհվածի հայրը։