«Արդեն մտածում եմ՝ կարո՞ղ է տղայիս արտաշիրմում անեմ»․ Գարիկ Գալեյան
«Սրանք արդեն կորցրել են իրենց սրբությունները։ Կոնկրետ կարմիր բերետավորները Նիկոլի անձնական օգտագործման իրերն են։ Հայ մարդը նման արարք չէր անի։
Մեր երեխաների տնից մեզ բերման չէին ենթարկի»,-Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարեց 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, տասնյակ ծնողներ այս գիշեր մնացել էին Եռաբլուրում՝ փակելու համար Նիկոլ Փաշինյանի ճանապարհը։
Նրանց, այդ թվում՝ տարեց կնոջը, կարմիր բերետավորներն ուժի կիրառմամբ, քարշ տալով այսօր հեռացրին, որպեսզի չխոչընդոտվի ՀՀ անկախության տոնի առթիվ Նիկոլ Փաշինյանի մուտքը Եռաբլուր։
«Հայրերիս տարան, հլը դա հեչ, բա մայրերի՞ն։ Նիկոլին եք ծառայո՞ւմ։ Գալիս այստեղ հպարտանո՞ւմ են, թե ինչքան երեխա են սպանել։ Այս ազգը ե՞րբ պետք է հասկանա, որ մտել են մեր տները։ Սա մեր երեխաների տունն է, այ սրբապիղծներ։ Անկեղծ արդեն մտածում եմ՝ կարո՞ղ է տղայիս արտաշիրմում անեմ, այս երկրից գնամ, որը թուրքերով լցված է»,-հավելեց Գարիկ Գալեյանը: