Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 95. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախորդ շաբաթ՝ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ հարձակման օրերին՝ սեպտեմբերի 13-ին, խորհրդարանում խոսեց Հայաստանի՝ զենք ձեռք բերելու խնդիրների մասին:
Ըստ նրա՝ թեեւ Հայաստանը բավարար ֆինանսական միջոցներ ունի, բայց ոչ բոլորն են, որ պատրաստ են մեզ զենք վաճառել: Ասել է թե՝ փող ունենք, բայց զենք առնել չենք կարողանում: «Մենք կարող ենք արձանագրել, որ ՀՀ-ն այսօր ունի բոլոր ֆինանսական հնարավորությունները՝ ձեռք բերելու իրեն անհրաժեշտ պաշտպանական զենք-զինամթերքը, բայց, բնականաբար, ոչ բոլոր երկրներն են, որ պատրաստ են զենք վաճառել ՀՀ-ին»: Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը բավականին տարակուսելի է, եթե հաշվի առնենք, որ 2018 թվականի հեղափոխությունից հետո արդեն եղել են դեպքեր, երբ Հայաստանը զենք է ձեռք բերել եւ այն էլ՝ անհատի միջոցով: Խոսենք փաստերով. ինչպես հայտնի է, ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել էր քրեական գործ՝ ռազմամթերքի ձեռքբերման գործընթացում ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ։
Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել յոթ անձի, այդ թվում՝ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանին, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանին, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, «Պատրոն Դավո» մականունով հայտնի՝ զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանին։ Դավիթ Գալստյանն արտերկրում գրանցված եւ իրեն պատկանող ընկերության տնօրեն Ա.Բ.-ի հետ ՀՀ ԶՈՒ ԳՇ կարիքների համար պետք է մատակարարեր 1983-1986թթ. արտադրության հրանոթի համապատասխան տրամաչափի կրակոցներ, սակայն, նախատեսված զինատեսակի փոխարեն, խաբեության եղանակով ՊՆ-ին մատակարարվել են 1977 թվականի չեխական արտադրության մեկ այլ տեսակի հրանոթի կրակոցներ, որոնք իրենց մարտավարական եւ տեխնիկական հատկանիշներով էապես զիջել են ՊՆ-ի կողմից պատվիրված զինատեսակներին: Գործարքի ընդհանուր արժեքը կազմել է 1 մլն 83 հազար դոլար: Այսինքն, հեղափոխությունից հետո, ամեն դեպքում, սպառազինություն ձեռք է բերվել, չնայած՝ անորակ: Նշանակում է, որ սա, փաստացի, Նիկոլ Փաշինյանի հերթական մանիպուլյացիան է եւ նա խաբել է ՀՀ հպարտ եւ արժանապատիվ քաղաքացիներին, ասելով, որ զենք չեն կարողանում բերել:
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում