Հետազոտությունը ցույց է տվել, որ երեխաները գիշերն արթնանում են հեռախոսի ծանուցումները ստուգելու համար
Անգլիացի հետազոտողների խումբը եկել է այն եզրակացության, որ զգալի թվով երեխաներ գիշերն արթնանում են, որպեսզի ստուգեն իրենց հեռախոսների ծանուցումները, գրում է LADBible-ը։
Լոնդոնի Դե Մոնֆորտ համալսարանի գիտնականները հարցում են անցկացրել 10 տարեկան 60 երեխաների շրջանում եւ պարզել են, որ հարցվածների 12 տոկոսը կամավոր արթնանում է կեսգիշերին, որպեսզի ստուգի հեռախոսները: Սա հանգեցնում է նրան, որ հարցված դպրոցականները միջինը քնում են օրական 7-8 ժամ, ինչը նրանց տարիքի համար խորհուրդ տրվող 9-11 ժամից քիչ է։
«Ինչ-որ բան բաց թողնելու վախը, որ առաջանում է սոցիալական ցանցերի պատճառով, ուղղակիորեն ազդում է նրանց քնի վրա: Նրանք ցանկանում են իմանալ, թե ինչով են զբաղվում իրենց ընկերները»,- ասել է հոգեբանության պրոֆեսոր դոկտոր Շոուն:
Բացի այդ, սոցիալական ցանցերի ինտենսիվ օգտագործումը կարող է հանգեցնել այնպիսի խանգարման, որը երիտասարդների համար ավելի ու ավելի դժվար է դարձնում հեռախոսները մի կողմ դնելը:
Մասնագետների խոսքով՝ դեռահասներն ու մեծահասակները քնից մեկ ժամ առաջ պետք է մի կողմ դնեն սմարթֆոնները։