Հայաստանում ֆրանսիական համալսարանը նոր ռեկտոր ունի
Հայաստանում ֆրանսիական համալսարանը նոր ռեկտոր ունի։ Բարձրագույն ուսումնական հաստատության ղեկը ստանձնում է տիկին Սալվա Նակուզին, ով Կալիֆորնիայի համալսարանի (Դեյվիս) և Փարիզի Դիդրո համալսարանի շրջանավարտ է:
Համալսարանից հայտնում են, որ մինչ ՀՖՀՀ-ի ռեկտոր դառնալը նա աշխատել է Իրաքում Ֆրանսիայի դեսպանատանը որպես մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական:
Ամերիկյան պատմության (ուսումնասիրության շրջանակը՝ ներգաղթ, ազգամիջյան հարաբերություններ, ազգայնականություն) դոկտոր Սալվա Նակուզին ակադեմիական կարիերա է վարել Պուատիեի համալսարանում և դասավանդել է արտերկրի մի շարք համալսարաններում, ինչպիսին են Դեյվիսում Կալիֆորնիայի համալսարանը (ԱՄՆ), Լուիզիանայի պետական համալսարանը (ԱՄՆ), նաև որպես հրավիրյալ դասախոս է աշխատել եվրոպական մի քանի համալսարաններում:
2004 թվականին տիկին Նակուզին նշանակվել է Պուատիեի համալսարանի միջազգային հարաբերությունների գծով փոխնախագահ: Այսպիսով, նա ներկայացրել է իր համալսարանը եվրոպական տարբեր ցանցերում: 2010-2014 թթ․ նա աշխատել է Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության Մերձավոր Արևելքի գրասենյակի տնօրեն:
Ներգաղթի, ինքնության և պատկանելության խնդիրներին վերաբերող հրապարակումների և հոդվածների հեղինակ տիկին Նակուզին եղել է մի քանի հետազոտական կենտրոնների անդամ:
Նա արժանացել է բազմաթիվ պարգևների, ինչպիսին են «Պատվո լեգեոնի ասպետ» և «Ակադեմիական արմավենու ասպետ» շքանշանները:
Ռեկտորի հետ հարցազրույցների համար կարող եք դիմել ՀՖՀՀ-ի ԶԼՄ հաղորդակցության և հանրային կապերի կենտրոն: