Վահագն Ալեքսանյանը 2018թ․֊ին աշխատել է «Nacho Apart Hotel» հյուրանոցում․ նրա կենսագրական դրվագներից․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը խնամքով թաքցնում է իր կենսագրական տվյալները: Բոլորովին վերջերս, հիշեցնենք, հայտնի դարձավ, որ նա դուրս է մնացել հայ-ռուսական սլավոնական համալսարանից, «կտրվել է» քննությունից ու հեռացվել։
Մինչդեռ, ՀՀ ԱԺ պաշտոնական կայքում մինչեւ այսօր նշված է, թե 2019-ին պատգամավորն ընդունվել է հայ-ռուսական սլավոնական համալսարանի մագիստրատուրա ու դեռ շարունակում է սովորել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Ազգային ժողովի դարպասների առջեւ օրերս իշխանության դեմ հանրահավաք իրականացնողներին «ռազմաճակատ ու սահման» ուղարկելով սպառնացող Ալեքսանյանը թաքցրել է իր կենսագրության մի դրվագ եւս: Նա 2018-ին աշխատել է «Nacho Apart Hotel» հյուրանոցում:
Վ. Ալեքսանյանը այս փոքրիկ հյուրանոցում մենեջեր է աշխատել: Այս մասին տեղեկանում ենք նրա մեկ այլ՝ ԿԸՀ-ում ներկայացված կենսագրությունից: Ինչո՞ւ է իշխանական պատգամավորը իր կյանքի այդ դրվագը խնամքով թաքցրել. ամաչո՞ւմ է, որ հյուրանոցում է աշխատել:
Նշենք, որ նույն այդ հյուրանոցում Վահագնի հետ աշխատել է նաեւ տիկտոկեր «222lava»-ն՝ անունը՝ Էրիկ: Վերոնշյալ հյուրանոցը, նշենք, հիմնադրվել է 2018-ի իշխանափոխության օրերին՝ մայիսին, ու, ըստ երեւույթին, ընդամենը մեկ կամ մեկուկես տարի է գործել: 2019-ից հետո այդ հյուրանոցի Facebook-յան էջում որեւէ գրառում, հրապարակում կամ նորություն հրապարակված չէ, նշված հեռախոսահամարն էլ անհասանելի է:
Հետեւաբար ենթադրել կարելի է, որ այն այժմ չի գործում: Հյուրանոցի մասին, ի դեպ, տարատեսակ կարծիքներ կան: Դատելով լուսանկարներից՝ այն ավելի շատ մոթելի գործառույթ է կատարել՝ «ավանդական» մերսման ծառայություններ առաջարկելով հյուրերից որոշներին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։