Նյու Յորքում կայացել է Բլինքեն-Միրզոյան-Բայրամով եռակողմ հանդիպումը
ԳլխավորՆյու Յորքում մեկնարկեց Բլինքեն-Միրզոյան-Բայրամով եռակողմ հանդիպումը
«Մեզ ոգևորում է այն փաստը, որ բախումները դադարել են, և վերջին օրերին նոր սրացում չի եղել», - հայտարարեց ԱՄՆ պետքարտուղարը՝ երկուշաբթի ուշ երեկոյան Նյու Յորքում ընդունելով Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներին։
«Թե՛ Հայաստանի, թե Ադրբեջանի առաջնորդների հետ իմ հեռախոսազրույցներում երկու առաջնորդներն էլ ասացին, որ նրանք պատրաստ են խաղաղության», - բացելով հանդիպումը՝ ասաց Էնթոնի Բլինքենը, հավելելով՝ «ամուր, կայուն դիվանագիտական ներգրավվածությունը լավագույն ճանապարհն է յուրաքանչյուրի համար։
Միրզոյան - Բայրամով հանդիպումը կազմակերպվել է Վաշինգտոնի նախաձեռնությամբ՝ անցած շաբաթ հայ-ադրբեջանական սահմանին սկսված բախումներից հետո, որոնք ամենաարյունալին էին 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո։ Հայկական կողմը հայտարարել է 207 զոհված կամ անհետ կորած անձանց, Ադրբեջանը՝ 79 զոհվածների մասին:
«Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական լուծումը տարբերակ չէ, փոխարենը կա դիվանագիտական ճանապարհը, որը տանում է խաղաղության», - բացելով հանդիպումը՝ ասաց ԱՄՆ պետքարտուղարը, ընդգծելով, որ դիվանագիտական այդ ջանքերին աջակցելու համար է Միացյալ Նահանգները բանակցությունների հրավիրել երկու կողմերին։
Պետքարտուղարի բացման խոսքից հետո լրատվամիջոցները դուրս եկան սենյակից․ բանակցությունները շարունակվում են դռնփակ ռեժիմով։