Տեղի կունենա նոր հանդիպում` 3+2+2 ֆորմատով. «Հրապարակ»
Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Վեհափառի հանդիպման մասին հայտարարությունից հետո ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը հանդես եկավ հայտարարությամբ, որով ըստ էության հասկացնում էր, որ հիշյալ հանդիպումը կայացել է իր նախաձեռնությամբ։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 14-ին Սաղաթելյանը հանդես էր եկել հրապարակային առաջարկությամբ, որ ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է Վեհափառ հայրապետի, նախկին նախագահների, զինվորականների, ազդեցիկ գործիչների համահավաք` քննարկելու իրավիճակից դուրս գալու ելքերը: «Նշեմ, որ առաջարկս ձեւակերպված ներկայացրել եմ բոլոր կողմերին: Այս ընթացքում արդեն տարբեր ձեւաչափերով տեղի են ունեցել մի շարք կարեւոր հանդիպումներ: Ես վստահ եմ, որ սա ստեղծված իրավիճակից լավագույն, գուցեեւ միակ ելքն է: Ուստի շարունակելու եմ ջանք չխնայել այդ ուղղությամբ` հույսով, որ շուտով կլինեն տեսանելի արդյունքներ»,- նշել էր նա։
Մեր տեղեկություններով՝ առաջիկա օրերին տեղի է ունենալու նոր հանդիպում` 3+2+2 ֆորմատով, մասնակցելու են ՀՀ եւ ԼՂ նախկին նախագահները եւ երկու կաթողիկոսները: Թերահավատ են Արամ 1-ինի հարցում, ով սիրում է բոլորի հետ «խաղեր տալ», մյուսները տվել են նախնական համաձայնություն: Հանդիպումից հետո նախատեսվում է, որ այս պատկառելի ֆորմատը հանդես կգա հայտարարությամբ` սթափության կոչ անելով իշխանություններին: Մյուս քայլերը քննարկվեն հանդիպման ժամանակ: