Կապանում մի գյուղ կա, գյուղացիները ուզում են Նիկոլավան դնեն անունը․ Քոչարյան
«Շատ մարդկանց հետ եմ հանդիպումներ ունեցել, ես զրուցել եմ իմ շրջապատի մարդկանց հետ, այլ մարդկանց հետ, նրանք ինձ ասել են, որ այո, վիճակը փոխվել է ու հիմա ինձ նման առաջնորդի կարիք իրոք կա»,- այս մասին «Մոսկվա» կինոթատրոնում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Հիշեցնենք, որ «Հրապարակը» այսօր մանրամասներ ներկայացնելով փակ հանդիպումից, հայտնել էր, որ Քոչարյանը քաղաքացիներին տեղեկացրել էր, որ պատրաստ է առաջնորդել ժողովրդին, եթե ռեալ գնահատականներ ստանա, որ ունի ժողովրդի մեծամասնության աջակցությունը։
«Սակայն այս պահին ես որոշակի հիասթափություն ունեմ ու վստահ եմ, որ ձեզնից շատերի մոտ այդ հիասթափությունը կա։ Անցած տարվա մայիսի Սիսիանի դեպքերը բոլորդ հիշում եք, երբ ադրբեջանցիները հարձակվեցին ու զուտ մարդկանց քշելով ահռելի տարածքների նկատմամբ վերահսկողություն սահմանեցին։ Նրանք շատ մոտ էին Սիսիանի ենթաշրջանի որոշի գյուղերի։ Հիմա առաջին հերթին ինձ հետաքրքրում է՝ Սիսիանի այդ գյուղերում այս պահին մարդկանց վերաբերմունքը փոխվե՞լ է, թե՞ չի փոխվել։ Շշմելու բան՝ չի փոխվել։ Ավելի վախեցած են, «խաղաղություն ամեն գնով» թեզը այդ գյուղերում սկսեց ավելի խորը աշխատել։ Թվում էր, թե պիտի լինի այնպես, որ ասեն՝ կանգնենք, մեր հողը, մեր ջուրջը պաշտպանենք, բայց փաստորեն եղել է ճիշտ հակառակը։ Ուզում եմ նաև ձեզ երկրորդ օրինակը բերել՝ խոսելով Աղավնոյի բնակչության տրամադրությունների մասին։ Մի խումբ երիտասարդներ՝ մինչև գյուղի հանձնումը, գնացել են ու եղել են բոլոր տներում։ Շշմելու երևույթ էր, ինձ զանգել էին ու ասում, թե պրն նախագահ, 80 տոկոսը ասում է՝ Նիկոլն ապրած կենա։ Դուք հասկանու՞մ եք՝ ինչ է կատարվում։ Կապանում մեկ գյուղ կա, չեմ ուզում անունը տալ, գրեթե ամեն ինչից զրկվեց, գիտե՞ք այդ գյուղում ինչ են ասում, ասում են՝ գյուղի անունը պտի փոխենք , դարձնենք Նիկոլավան»,- հավելել է նա։