Այն ամենը, ինչը ոչ թե խոսքով, այլ գործով է, ոչ պոպուլիստական, այլ իրականում, կարելի է ողջունել. Կրեմլը մեկնաբանել է Փելոսիի այցը ՀՀ
Ռուսաստանը կողջունի այն քայլերը, որոնք փաստացի տանում են Հայաստանի և Ադրբեջանի միջև իրավիճակի կարգավորմանը։ Այս մասին սեպտեմբերի 19-ին լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի այցը Երևան, գրում է Regnum գործակալությունը։
«Այն ամենը, ինչը ոչ թե խոսքով, այլ գործով է, և ոչ բարձրաձայն, ոչ պոպուլիստական, այլ իրականում, անաղմուկ ու գործնական, կարող է նպաստել հարաբերությունների կարգավորմանը, սահմանին իրավիճակի կայունացմանը, այս ամենը կարող է ողջունելի լինել»,- ասել է Պեսկովը։
Նա հավելել է, որ ժամանակի ընթացքում պարզ կդառնա, թե արդյոք այնպիսի բարձր մակարդակի գործողությունները, ինչպիսին է Փելոսիի այցը Հայաստան, իրականում կարող են նպաստել այս կարգավորմանը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17-ից 19-ը Փելոսին գտնվում էր Հայաստանում, որտեղ հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։