Չինաստանում վթարվել է Covid-ով հիվանդներին կարանտինի տեղափոխող ավտոբուսը․ կա 27 զոհ
Չինաստանում կորոնավիրուսով վարակված մարդկանց դեպի կարանտինի հաստատություն տեղափոխող ավտոբուսը վթարի է ենթարկվել, ինչի հետևանքով 27 մարդ մահացել է, ևս 20-ը՝ վիրավորվել: Այս մասին հաղորդում է BBC-ն։
Ավտոբուսը շրջվել է Գույչժոու հարավ-արևմտյան նահանգում՝ մայրուղու վրա:
Գրեթե 3 տարի առաջ համավարակի սկզբից ի վեր Գույչժոու նահանգում ընդամենը երկու մարդ է մահացել Covid-ից: Պեկինի «զրոյական Covid» քաղաքականություն է վարում։ Խիստ քաղաքականությունը ներառում է զանգվածային թեստավորում և դեպքերի հետևում։ Թեստի դրական պատասխան ունեցողները և նրանց հետ կոնտակտի մեջ եղածները պետք է մեկուսացվեն տանը կամ կարանտինի հաստատությունում։ Որևէ քաղաքում ընդամենը մի քանի դեպքի պատճառով կարող է լիակատար լոքդաուն հայտարարվել:
Ավտովթարի պատճառների մասին տեղեկություններ չկան։
Համաձայն Չինաստանի կանոնակարգի՝ գիշերվա 02:00-ից 05:00-ն ընկած ժամանակահատվածում մարդատար ավտոբուսներին արգելվում է երթևեկել մայրուղով։ Իսկ վթարը տեղի է ունեցել երկուշաբթի տեղական ժամանակով 02:40-ին, ինչը ցույց է տալիս, որ ավտոբուսը խախտել է կանոնակարգը:
Տեղի ունեցածը քննադատության է արժանացել սոցիալական ցանցերում։ Մարդիկ պատմել են կարանտինի հաստատություններ ավտոբուսով տեղափոխվելու իրենց տհաճ փորձառության մասին:
Ներկայումս Գույչժոուում կորոնավիրուսի վարակի աճ է նկատվում: Շաբաթ օրը նահանգը գրանցել է 712 նոր դեպք, ինչը կազմում է Չինաստանում արձանագրված ընդհանուր դեպքերի մոտ 70%-ը:
Մայրաքաղաք Պեկինում ավելի քան 21 միլիոն բնակիչներից պահանջվում է հերթագրվել ՊՇՌ թեստերի համար յուրաքանչյուր երեք օրը մեկ՝ հասարակական շենքեր և նույնիսկ խանութներ մուտք գործելու համար: