Ղազախստանի մայրաքաղաքը վերանվանվել է Աստանա
Ղազախստանի մայրաքաղաքը կրկին անվանափոխվել է՝ վերանվանվելով Աստանա։ Նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաևի համապատասխան հրամանագիրը հրապարակվել է «Казахстанская правда» պաշտոնական թերթում։
Մայրաքաղաք Նուրսուլթանը կրկին Աստանայի վերանվանելու հրամանագիրը հրապարակվել է սեպտեմբերի 19-ին ժամը 00։00-ին և ուժի մեջ է մտել հրապարակումից անմիջապես հետո։
Թերթում հրապարակվել է նաև սահմանադրության մեջ փոփոխություններ ու լրացումներ անելու օրենքը։
Սեպտեմբերի 17-ին Տոկաևը ստորագրել է սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին օրենքը, ըստ որի՝ Ղազախստանի մայրաքաղաքին վերադարձվում է նախկին անվանումը։ Նույն օրը նա ստորագրել է նաև մայրաքաղաքի անվանափոխման մասին հրամանագիրը։ Բացի այդ, սահմանադրության մեջ արված փոփոխությունների համաձայն՝ պետության ղեկավարի լիազորությունների ժամկետն այսուհետ սահմանափակվելու է յոթ տարի ժամկետով՝ առանց վերընտրվելու իրավունքի։