Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Փելոսիի՝ Երևանում արած հայտարարությունները նպաստում են լարվածության սրմանը
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի՝ 2022 թվականի սեպտեմբերի 18-ին Հայաստան կատարած այցի ժամանակ արված հայտարարությունները չեն ծառայում Բաքվի և Երևանի միջև փխրուն խաղաղության ամրապնդմանը, այլ ընդհակառակը, նպաստում են լարվածության սրմանը։ Այս մասին սեպտեմբերի 18-ին հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
«Հայաստանում Ն.Փելոսիի ասած խոսքերը պետք է դիտարկել որպես «հայկական քարոզչության հիման վրա արված հայտարարություն» (չակերտները՝ Tert.am)։ Սա լուրջ «հարված է» (չակերտները՝ Tert.am) Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին»,- ասվում է մամուլի ծառայության հաղորդագրությունում։
Հաղորդվում է, որ նման «միակողմանի քայլերն ու «անհիմն» (չակերտները՝ Tert.am) հայտարարությունները ծառայում են ոչ թե տարածաշրջանում փխրուն խաղաղության ամրապնդմանը, այլ, ընդհակառակը, լարվածության սրմանը»։
Հայտարարության մեջ ընդգծվում է, որ «հաշվի առնելով ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների մոտեցող շրջանը, թվում է, թե Ն.Փելոսին օգտագործում է այս այցը իր ներքաղաքական օրակարգի և ԱՄՆ-ի հայկական լոբբիստական շրջանակների աջակցությունը ստանալու համար»։
«Անընդունելի է ԱՄՆ ներքաղաքական օրակարգից քաղաքական ինտրիգները և շահերի լոբբինգը Հայաստանի միջոցով տեղափոխել Հարավային Կովկասի տարածաշրջան»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին այսօր Երևանում հայտարարել էր.«Հայաստանը մեզ համար կարևոր նշանակություն ունի և Հայաստանի սահմանների նկատմամբ Ադրբեջանի մահացու հարձակումները խստորեն դատապարտում ենք:
Իմ այցը շատ ավելի վաղ էր պլանավորված, բայց այնպես ստացվեց, որ մենք այստեղ եկանք այն պահին, երբ կարող ենք անձամբ խիստ դատապարտել Ադրբեջանի անընդունելի և սպառնալից գործողությունները, որոնք վտանգում են խաղաղության գործընթացի հաջողությունը»: