Այս պահին Երևանում անցկացվում են ՀԱՊԿ-ից դուրս գալու պահանջով մի շարք ցույցեր
Այս պահին Երևանում անցկացվում են ՀԱՊԿ-ից դուրս գալու պահանջով մի շարք ցույցեր։ Կասկադում ցույց են կազմակերպել քաղաքացիները, որտեղ «Գաֆէսճեան արվեստի կենտրոնում» միաժամանակ ելույթ է ունենում ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին։
«Շնորհակալություն ԱՄՆ», «Դադարեցրեք ազերիների ոճրագործությունները», «Բարի գալուստ Նենսի Փելոսի», «Դադարեցրեք նոր ցեղասպանությունը»․այսպիսի պաստառներով են եկել ցույցի մասնակիցները։
People gathered near the Cafesjian Center for the Arts in order to express their gratitude to the Speaker of the US House of Representatives Nancy Pelosi during her official visit to Yerevan, Armenia
Բողոքի ցույց է անցկացվում նաև Ազատության հրապարակում։ Այստեղ են Ազգային ժողովրդավարական բևեռի, «Հանուն Հանրապետության» կուսակցության, Հայաստանի եվրոպական կուսակցության, ՀՀ-ում ուկրաինական համայնքի ներկայացուցիչներ, այստեղ է նաև Պարույր Հայրիկյանը, անկուսակցական անձինք։
Ազատության հրապարակում ծածանվում են ԵՄ-ի, ԱՄՆ-ի դրոշներ։ Հարցին՝ ի՞նչ սպասելիքներ ունեն Նենսի Փելոսիի այցից, մանավանդ տեղեկություններ կան, որ Իսրայելից դեպի Ադրբեջան բեռնատար ինքնաթիռներ են տեղափոխվում, ինչը նշանակում է, որ չի բացառվում՝ պատերազմը վերսկսվի, Հայաստանի եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը պատասխանեց․ «Նենսի Փելոսիի այցը խորհրդանշանակ բնույթ ունեցող գործողություն է։ Դա յուրահատուկ մարտահրավեր է։
Այն պետք է լսի, այդ առաջարկը պետք է ընդունի ՀՀ իշխանությունը։ Մենք եկել ենք ճնշում գործադրելու երկրի իշխանության վրա, որ օր ու ժամ առաջ կատարվի ճակատագրական ընտրությունը՝ մենք քաղաքական մաս ենք կազմում ԱՄՆ, եվրոպական քաղաքակրթությա՞ն, թե՞ ռուս-թուրքական դաշինքում ենք պատրաստվում թողնել մեր էրեխեքին։ Եթե մնանք ռուս-թուրքական դաշինքում, պատերազմն անխուսափելի կլինի»։