Մենք եկանք այն պահին, երբ կարող ենք անձամբ խիստ դատապարտել Ադրբեջանի անընդունելի և սպառնալից գործողությունները. Նենսի Փելոսի
Իմ այցը շատ ավելի վաղ էր պլանավորված, բայց այնպես ստացվեց, որ մենք այստեղ եկանք այն պահին, երբ կարող ենք անձամբ խիստ դատապարտել Ադրբեջանի անընդունելի և սպառնալից գործողությունները, որոնք վտանգում են խաղաղության գործընթացի հաջողությունը: Այս մասին այսօր Երևանում՝ «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում ելույթի ժամանակ ասաց ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին։
Փելոսին հայտարարեց՝ ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։
«Միացյալ նահանգները, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ և Հայաստանի բարեկամ, հանձնառու է աջակցել բանակցային կայուն, խաղաղ գործընթացին, կարգավորմանը։ ԱՄՆ-ն վաղուց ի վեր նշել է, որ այս հակամարտությունը ռազմական լուծում չի կարող ունենալ։ Շարունակաբար պահպանվող ռազմական գործողությունները նորանոր կյանքերի կորստյան են հանգեցնելու, նորանոր տեղահանությունների, և մեծ գին է վճարվելու դրա համար», - ասաց Նենսի Փելոսին։
Նա հավելեց՝ նախագահ Բայդենի և Կոնգրեսի համար սա առաջնահերթ ուղղություն է.
«Մենք անվտանգության, կայունության և խաղաղության հարցերում Հայաստանի և Ադրբեջանի միջև հանձնառու ենք», - ասաց ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակը։