Հստակ պատժամիջոցները կարող են դառնալ եւս մեկ լծակ՝ կանգնեցնելու Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումները. Ալեն Սիմոնյան
ԳլխավորԵրախտապարտ ենք ԱՄՆ-ին՝ իր կատարած ջանքերի համար, ում միջնորդությամբ սեպտեմբերի 14-ին ձեռք է բերվել փխրուն զինադադարի համաձայնությունը։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 18-ին, ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ համատեղ հայտարարության ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Նա նշեց, որ ավելի վաղ հանդիպման ընթացքում իրենք խոսել են սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ռազմական ագրեսիայի մասին. «Տեղեկացրել եմ, որ ադրբեջանական զինված ուժերը դաժան ռմբակոծությունների է ենթարկել ոչ միայն Հայաստանի սահմանային դիրքերը, այլեւ բազմաթիվ բնակավայրեր ու քաղաքացիական ենթակառուցվածքներ, որոնց արդյունքում կան բազմաթիվ մարդկային կորուստներ։ Հստակ է, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական իշխանությունը օգտվում է այն հանգամանքից, որ միջազգային հանրության ուշադրությունը սեւեռված է Ուկրաինայում տեղի ունեցողին»։
Ալեն Սիմոնյանը նշեց, որ իրենք շնորհակալ են նաեւ ԱՄՆ իշխանությանը, մասնավորապես, բազմաթիվ կոնգրեսականների կողմից Ադրբեջանի պատերազմական գործողություններին հասցեական գնահատական տալու համար. «ԱՄՆ ցանկացած օժանդակություն կենսական նշանակություն ունի մեր պետականության համար։ Կարծում ենք, որ հստակ պատժամիջոցները կարող են դառնալ եւս մեկ լծակ՝ կանգնեցնելու Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումները եւ ավտորիտար պատերազմը ժողովրդավարության դեմ»։