Հաջողվել է հետ շպրտել հակառակորդին` պատճառելով մեծ կորուստներ. ՊՆ-ն ներկայացրել է երկու զինծառայողների հերոսությունը
Պաշտպանության նախարարությունը մանրամասներ է ներկայացրել վերջին ադրբեջանական ռազմական ագրեսիայի ժամանակ հայ զինծառայողների կատարած հերոսական արարքներից:
«ԱՆՄԱՀՆԵՐԸ
Ադրբեջանական ռազմական ագրեսիայի շրջանում տեղակայված ստորաբաժանումներից մեկի անձնակազմը, մարտական գործողությունների մեկնարկից անմիջապես հետո, դուրս է եկել մարտական առաջադրանք կատարելու և առաջին իսկ վայրկյաններից մարտի բռնվել հակառակորդի քանակապես գերազանցող հատուկ ջոկատայինների հետ:
Ինտենսիվ հրթիռահրետանային հարվածների և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների չդադարող կրակի տակ, համածառայակիցների դիրքավորվումն ապահովելու նպատակով, ջոկի հրամանատար, ենթասպա Խաչիկ Էդվարդի Մինասյանն ու սերժանտ Նարեկ Մխիթարի Հակոբյանը հակառակորդի կրակը վերցրել են իրենց վրա:
Կատաղի փոխհրաձգության ընթացքում ենթասպա Մինասյանը վիրավորվել է: Նրա հետ նույն դիրքում գտնվող սերժանտ Հակոբյանը փոխել է իր տեղը` կրակի ուղղությունը շեղելով իր վրա` փորձելով այդպես փրկել վիրավոր ընկերոջ կյանքը:
Սերժանտ Հակոբյանը կռվել է մինչև վերջին փամփուշտը: Սակայն որոշ ժամանակ անց ենթասպա Մինասյանի ու սերժանտ Հակոբյանի հետ կապն ընդհատվել է:
Ստորաբաժանման փայլուն գործողությունների շնորհիվ հաջողվել է հետ շպրտել հակառակորդին` պատճառելով մեծաթիվ կորուստներ: Իսկ այդ մարտական հաջողության մեջ անուրանալի են ենթասպա Խաչիկ Մինասյանի և սերժանտ Նարեկ Հակոբյանի անձնազոհությունը»,- ասվում է ՊՆ տարածած տեղեկատվությունում: