Նենսի Փելոսին գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում և Հայոց ցեղասպանության թանգարանին հանձնել հուշանվեր (լուսանկարներ)
ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 18-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցի և ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի ուղեկցությամբ: Այս մասին հայտնում է Ցեղասպանության թանգարան-ինստիտուտը:
Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Էդիտա Գզոյանը: Նա անդրադարձ կատարեց Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազտամարտիկների պատմություններին՝ շեշտելով, որ տեղի ունեցածը Հայոց ցեղասպանության շարունակությունն էր: Էդիտա Գզոյանն անդրադարձավ նաև Արցախի հիմնահարցի պատմաիրավական ասպեկտներին, ներկայացրեց Ադրբեջանի հակահայկական գործողություններն ու քարոզչությունը: