ԱՄՆ-ն ավերակների մեջ է. Դոնալդ Թրամփ

Շաբաթ երեկոյան Օհայոյում կայացած հանրահավաքի ընթացքում ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ Միացյալ Նահանգներն ավերակների մեջ է. մլիոնավոր ներգաղթյալները անօրինական մտնում են երկիր:
ԱՄՆ նախկին նախագահը Օհայո է ժամանել՝ աջակցելու սենատորի թեկնածու Ջեյ Դի Վենսին:
«Կրակոցները, դանակահարությունները, բռնաբարությունները, մեքենաների գողությունը կտրուկ աճում են», - ասել է ԱՄՆ նախկին նախագահը եւ դժգոհել, որ իր կողմնակիցներից շատերին ստիպել են երես թեքել իրենից՝ նշելով, որ մարդկանց սպառնում են բանտարկությամբ:
Նախկին նախագահը ներկայիս կառավարությանը մեղադրել է իրեն լրտեսելու համար:
«Նրանք լրտեսել են իմ քարոզարշավը։ Եվ ոչ ոք դրա դեմ որեւէ բան անել չի ցանկանում: Պատկերացնո՞ւմ եք, եթե ես լրտեսում էի քարոզարշավը, ո՛չ Բայդենինը, Օբամայի՛ քարոզարշավը: Պատկերացնու՞մ եք, թե ինչ կլիներ: Միգուցե դա մահ կարժենար։ Նրանք կվերականգնեին մահապատիժը»,- ասել է Թրամփը։
ՆՀանրահավաքի ընթացքում Թրամփը կողմ է արտահայտվել թմրավաճառներին եւ մարդկային թրաֆիքինգով զբաղվողներին մահապատժի դատապարտելուն: Նա քննադատել է Բայդենին՝ նշելով, որ ԱՄՆ-ի նախագահը նավթ է բաց թողել երկրի ռազմավարական նավթային պաշարից՝ գազի գների իջեցման համար՝ պնդելով, որ այդ պաշարները օգտագործվում են միայն պատերազմի համար։ Նա անդրադարձել է նաեւ ներգաղթյալների հարցին՝ նշելով, որ վտանգավոր ժամանակներ են սկսվել:
Թրամփը եւ Ֆլորիդայի նահանգապետ Ռոն ԴեՍանտիսը ճանաչվել են 2024 թվականի նախագահական ընտություններում հանրապետականների թեկնածուի գլխավոր հավակնորդներ, թեեւ ոչ մեկը պաշտոնապես չի հայտարարել, որ կառաջադրվի:
Ներկայում Թրամփը պարբերաբար մասնակցում է Սենատի հանրապետական թեկնածուների աջակցության հանրահավաքներին։