Նենսի Փելոսին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին:
Նրան ուղեկցել են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ԱՄ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը:
Նշենք, որ սա նրա առաջին այցն է Հայաստան:
Ավելի վաղ ԱՄՆ դեսպանությունից NEWS.am-ին հայտնել էին, որ սեպտեմբերի 17-19-ի այցի ընթացքում Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փելոսին կհանդիպի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին և այլ բարձրաստիճան պաշտոնյաների՝ քննարկելու հայ-ամերիկյան հարաբերությունները և ներկայիս անվտանգային իրավիճակը։
Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փելոսին հանդես կգա մամուլի ասուլիսով և ելույթ կունենա «Գաֆէսճեան արվեստի կենտրոնում», ընդ որում ելույթը ուղիղ հեռարձակմամբ հասանելի կլինի www.speaker.gov/newsroom հղմամբ։
Խոսնակ Փելոսին կանդրադառնա մեր երկու երկրների ամուր փոխգործակցությանը, որի հիմքում ընդհանուր արժեքներն են և մեր ժողովուրդների երկարամյա կապերը։
Պատվիրակության կազմում են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Էներգետիկ և կոմերցիոն հարցերով հանձնաժողովի նախագահ Ֆրանկ Փալոնեն և Ներկայացուցիչների պալատի անդամներ Աննա Էշուն և Ջեքի Սփիերը։