Որո՞նք են հիվանդ կոկորդի բուժման ժամանակ թույլ տրվող 3 սխալները
«Ռոսիա 1» ալիքի «Ամենակարևորի մասին» հաղորդաշարի նոր խորագրերից մեկը նվիրված է այն սխալներին, որոնք թույլ ենք տալիս ինքնաբուժությամբ զբաղվելիս։ Հաղորդման ընթացքում նաև վերլուծվում են այդ սխալները։ Вести պարբերականի փոխանցմամբ՝ այս անգամ բժիշկ Ալեքսանդր Մյասնիկովը և քիթ-կոկորդ-ականջաբան, վիրաբույժ Եկատերինա Բոգդանովան խոսել են կոկորդի հետ կապված խնդիրների մասին։
Ի՞նչ չի կարելի անել։
– Կոկորդի ամենօրյա ողողում հակասեպտիկներով՝ հիվանդությունների կանխարգելման համար
«Իրականում մեր լորձաթաղանթը եզակի էկոհամակարգ է, որը բաղկացած է միլիարդավոր բակտերիաներից, որոնք հիմնական պաշտպանական մեխանիզմն են։ Դրանք, այսպես կոչված, կենսաթաղանթ են», – ասել է բժիշկը:
Նա նշել է, որ եթե կոկորդը ողողում եք հակասեպտիկով, ապա հեշտությամբ կարող եք լվանալ-մաքրել կենսաթաղանթը։ Լորձաթաղանթը կդառնա չոր և կենսազուրկ, և արդյունքում կմեծանա հիվանդանալու հավանականությունը։
– Խցանների ինքնուրույն հեռացում նշագեղձերից
Եկատերինա Բոգդանովան կարծում է, որ խցանների ինքնուրույն վերացումը ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Պետք է դիմել մասնագետի, ով կպարզի խնդիրների պատճառը։ Հասարակ տոնզիլիտի դեպքում նա կարող է ձեզ ուղղորդել նշագեղձերի լազերային կոագուլյացիայի:
«Նշագեղձերի փոսիկները լայնանում են այնպես, որ այդ խցանների նորմալ արտահոսք տեղի ունենա։ Նշագեղձը մշակվում է լազերային ճառագայթով, այն ներթափանցում է 3-5 մմ խորության վրա, և տեղի է ունենում նշագեղձի ախտահանում, որից հետո հիվանդներն ապրում են երկար և անհոգ», – ասել է բժիշկը։
– Սեփական խռմփոցի անտեսումը
Խռմփոցին ուշադրություն չդարձնելու դեպքում հնարավոր է բախվել այնպիսի բարդությունների, ինչպիսին է քնած ժամանակ շնչապահումը։ Քունը կիսատ է մնում, մարդը բավարար քանակությամբ թթվածին չի ստանում։ Այս ամենը, ինչպես նկատել է բժիշկ Մյասնիկովը, հանգեցնում է ճարպակալման, արյան մեջ շաքարի բարձրացման և էրեկցիոն դիսֆունկցիայի։ Եկատերինա Բոգդանովան նշել է, որ բժիշկներն այսօր կարող են հիվանդներին առաջարկել խռմփոցի լազերային բուժում։ Նման գործողությունները կատարվում են ըստ ցուցումների, անզգայացման տակ: