Շատ էին հպարտանում նրանով. 19-ամյա Սասուն Մարգարյանը Շղարշիկ գյուղից էր, ձմռանը զորացրվելու էր. News.am
News.am-ը գրել է.
Սեպտեմբերի 13–ին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետեւանքով զոհված ժամկետային զինծառայող 19-ամյա Սասուն Մարգարյանը Արագածոտնի մարզի Շղարշիկ գյուղից էր, 1 տարի 7 ամսվա զինծառայող:
«Սասունը խելոք, համեստ, շնորհքով, նպատակներով լեցուն երեխա էր, իր ընտանիքի պարծանքը, շատ էին հպարտանում նրանով: 1 տարի 7 ամսվա զինծառայող էր, լավ էր ծառայում, պատվոգրեր էր ստացել: Հայրը շատ հարգված մարդ է գյուղում, իրենք անասնապահությամբ են զբաղվում, իրենից փոքր եղբայր ունի։ Շատ էին սպասում, շատ էին հպարտանում Սասունով, շատ ցավալի բան ստացվեց»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Սասունի համագյուղացին:
Սեպտեմբերի 13-ի առավոտյան Սասունը զանգել է տուն, ասել է` ամեն ինչ նորմալ է, չանհանգստանան, զանգելուց մի քանի ժամ անց զոհվել է:
«Հայրն էլ մեկնել է որդու հետեւից, բայց արդեն որդին զոհված է եղել, չի կարողացել տեսնել: Սասունին հուղարկավորել են գյուղի գերեզմանատանը 2 օր առաջ»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սահմանի ողջ երկայնքով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել էին ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաեւ ԱԹՍ-ներ: Հակառակորդը հարվածում էր թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական օբյեկտներին։
Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ սեպտեմբերի 14–ին, ժամը 20։00–ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է, էական միջադեպեր չեն արձանագրվել։ Սեպտեմբերի 16-ի ժամը 09:00-ի դրությամբ՝ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել:
Սեպտեմբերի 16–ի դրությամբ հայկական կողմն ունի հաստատված 135 զոհ։
Սեպտեմբերի 14–ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ–Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարել էր, որ այդ պահի դրությամբ՝ ադրբեջանցիները Հայաստանից օկուպացրել են 10 քառակուսի կմ։