Նենսի Փելոսիի այցը Հայաստան՝ անվտանգային տեսանկյունից կարևորագույն փաստ է․ Երվանդ Թարվերդյան
Նենսի Փելոսիի այցը Հայաստան՝ անվտանգային տեսանկյունից կարեւորագույն փաստ է։ Այս մասին 1in.am-ին տված հարցազրույցում ասել է «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Երվանդ Թարվերդյանը: «Միացյալ Հայաստան»-ի առաջնորդը նշել է, որ միաբևեռ արտաքին քաղաքականությունը Հայաստանի համար վտանգավոր է։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն և Չինաստանն ակնկալում են մեծ ներկայություն ունենալ Հայաստանում։
Անդրադառնալով տարածաշրջանում գերտերությունների շահերին, Թարվերդյանը նշել է, որ Հնդկաստանը բալանս է պահում և թույլ չի տալիս, որ երրորդ համաշխարհային պատերազմ ծագի։ Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա, ըստ նրա, այդ երկիրը ձգտում է տարածաշրջանում դառնալ դոմինանտ, ինչն ակնառու էր նաև 44 օրյա պատերազմի ընթացքում՝ այդ երկրի ներգրավվածությամբ։
«44 օրյա պատերազմում Ադրբեջանի արտաքին քաղաքականությունը վարվում է Թուրքիայի անմիջական ներգործությամբ։ Նույնիսկ տեղեկություններ կային, որ ադրբեջանական զինուժը ենթարկվում է թուրք բարձրաստիճան զինվորական կազմին», -ասել է Երվանդ Թարվերդյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանը միջազգային հակամարտության կենտրոնում է, ուստի պետք է փնտրի բնական դաշնակիցներ:
«Մենք մի բան պետք է հասկանանք՝ մեր փոխարեն ոչ ոք մեր հողը չի պաշտպանելու։ Ամեն պետություն ունի իր շահերը․ որքան մենք ուժեղ լինենք այնքան ցանկալի կլինենք նման պետությունների համար»,- նշել է Թարվերդյանը։
Անդրադառնալով ՀԱՊԿ-ին՝ «Միացյալ Հայաստան» կուսակցության առաջնորդը ասել է, որ կազմակերպությանն անդամակցության թերեւս միակ առավելությունը զենք գնելու համար սահմանված գներն են։
«ՀԱՊԿ անդամ երկու պետություն այսօր ռազմական բախումների մեջ են։ Դա ինքնին ցույց է տալիս, որ այն չի կարող լինել ռազմական համագործակցության կառույց։ Դա հարթակ է, որտեղ տարբեր պետություններ քննարկում են իրենց ռազմական քաղաքականությունը»,- հավելել է Երվանդ Թարվերդյանը:
Ըստ նրա՝ մենք պետք է կարողանանք ՌԴ-ի՝ մեր ռազմավարական դաշնակցի հետ բարձր մակարդակում քննարկել մեր շահերը։
«Վարչապետը պետք է հասկանա, որ իշխանությունն ու երկրի կառավարումը տարբեր բաներ են։ Եթե նա չի կարողանում կառավարել, ապա թող իր տեղը զիջի իր թիմից մեկ ուրիշի, որը կկարողանա ճշգրիտ բանակցությունների արդյուքում ապահովել մեր՝ Հայաստանի Հանրապետության անվտանգությունը»: