Փաշինյանի հրաժարականը լուծում է խնդիրը. ստորագրված թուղթ չկա, ուրեմն պարտավորություն էլ չկա. Բագրատյան
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․
«ՄԱԿ ԱԽ նիստն էլ անցավ։ Շատ նոր բաներ չկային։
Այնուամենայնիվ, չենք կարող չնշել ՉԺՀ, Հնդկաստանի, Ֆրանսիայի և Ալբանիայի ներկայացուցիչների շատ պոզիտիվ ելույթները։
Շնորհակալություն այդ երկրներում մեր դեսպաններին։ Մյուս բանախոսները հիմնականում 2 կողմերին զսպվածության կոչ էին անում։ ՌԴ-ն և ԱՄՆ-ն նույնպես։ Գուցե այդպես է պետք, որովհետև միջնորդին բնորոշ վարքագի՞ծ է։ Այսօր, դատելով Հռոմի պապի ասածից, Վ.Պուտինի և պետդեպ-ի հայտարարություններից ՌԴ-ն ու ԱՄՆ-ն են հաջողացրել հրադադարը։ Ադրբեջանը ստիպված էր ուժերը ետ քաշել։ Կարծում եմ, որ ավելի պակաս էական չի եղել հայ զինվորի և շտապ կազմակերպված աշխարհազորի անձնուրաց կռիվը։
Խաղաղությունը երկա՞ր կտևի։
Այս հարցին պատասխանելու համար կա 2 հանգամանք։ Ի՞նչ կանի ՀԱՊԿ-ը։ Ի դեպ, նորից վկայակոչեցին սահմանների դելիմիտացիայի ու դեմարկացիայի հարցը։ Իհարկե, ՀՀ ԱԳՆ-ն այդպես էլ չհամարձակվեց հայտարարել, որ դելիմիտացիայի ու դեմարկացիայի բացակայությունը չի նշանակում, որ սահման չկա։ Սահման ու սահմանագիծ հո կա։ Այլապես 1992-ին ի՞նչ սահմաններով եք Հայաստանն ընդունել։ Ուրեմն պիտի կարողանանք ՀՀ համար արդյունավետ անվտանգության համակարգ ունենալ։
Ավելի ծանր է 2-րդ հանգամանքը։ Ուշադիր հետևեք հատկապես Էրդողանի ու Չավուշօղլուի խոսքերին։ Ասում են. խաղաղ դարաշրջան թևակոխելու համար Հայաստանը պետք է հարգի պայմանավորվածությունները։ Ի՞նչ են դրանք, ո՞րտեղ են գրված։ Ըստ իս խոսքը Ադրբեջան Նախիջևան միջանցքի մասին է։ Ուրեմն խոստու՞մ է եղել։ Իսկ գուցե ստորագրված թու՞ղթ էլ կա։
Ուշադրություն դարձրեք. ՆՓ-ը միայն վերջերս հայտարարեց որ միջանցքի փաստաթուղթ չի ստորագրելու։ Բա ի՞նչի ինքը կամ ԱԳՆ-ն չեն ասում, թե այդ ի՞նչ պայմանավորվածությունների մասին եք խոսում։ Եթե, հուսով եմ, ստորագրված թուղթ չկա, ապա մնում է բանավոր խոստումը։ Ու վարչապետը պիտի պատասխանի. նման բան կ՞ա, թե՝ ոչ։ Այդ դեպքում ՆՓ-ի հրաժարականը լուծում է խնդիրը. ստորագրված թուղթ չկա, ուրեմն պարտավորություն էլ չկա։ Այլապես մեր հույսը մնում է Իրանը, որը հետևողականորեն դեմ է հանդես գալիս միջանցքին։ Գուցե նաև ՌԴ-՞նը։ 2 անգամ Օվերչուկը և 1 անգամ Լավրովը հայտարարել են, որ ՀՀ ինքիշխանությունը չի կարող խախտվել։ Լավ, այդ դեպքում թուրքերն ի՞նչու են անընդհատ միջանցքից խոսում»։