Մեր իրական վտանգները կարող են դեկտեմբերից սկսվել, ԱՄՆ-ում ընտրություններից հետո. Դանիելյան
ԱՄՆ-ում նախընտրական կրքեր են եռում եւ Դեմոկրատների ու Հանրապետականների միջեւ բառիս բուն իմաստով կենաց-մահու պայքար է գնում։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Շատ ամերիկացի հեղինակավոր փորձագետներ վիճակը սկսել են համեմատել Ամերիկայի 19-րդ դարի քաղաքացիական պատերազմի հետ։
Նենսի Փելոսիի այցի հիմնական նպատակը հայերի ձայներն են եւ դա բնական է, քաղաքականություն է։ Այլ հարց է, թե արդյոք Ամերիկայի հայերը հավաքական պահանջ ունեն Դեմոկրատներից, կամ Հանրապետականներից, թե' ոչ։ Դեռեւս նման հստակ ձեւակերպված պահանջ չի հնչել։
Կարծում եմ, որ մեր իրական վտանգները կարող են դեկտեմբերից սկսվել, ընտրություններից հետո, երբ ընտրողների վրա թքած կունենան եւ այդ ժամանակ կերեւա Ամերիկայի խորքային պետության իրական քաղաքականությունը նաեւ մեր տարածաշրջանում։ Հիմա ամենակարեւորը ԱՄՆ հայերի կազմակերպվածությունը է ու ստիպելու շատ կոնկրետ խոստումներ տալ։
Այստեղ կավելացնեի, որ Հայաստանի կառավարությունը պետք է այնտեղի հայերին այդ պահանջի մասին մեսիջ ուղարկել, բայց դե ինչ կառավարության մասին ենք կարող հիմա խոսել»: