Պարզունակ եւ էմոցիոնալ․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․
«Ցավոք, մենք զգացմունքային եւ պարզունակ ժողովուրդ ենք եւ աշխարհն ընկալում ենք ոչ թե գլխով, այլ սրտով՝ զգացմունքների պրիզմայով։ Ահա մի լուսանկար, մի քանի սուր խոսք, մի երկու քաղցր սուտ, եւ մենք պատրաստ ենք բացարձակապես իրականությունից կտրված, էմոցիոնալ գնահատականներ տալ ու հիմնովին սխալ հետեւություններ անել։ Դա է պատճառը, որ մեզ մանիպուլացնելը՝ դրսից եւ ներսից, անչափ հեշտ է։ Ընդամենը պետք է իմանալ, թե ինչն է ազդում հանրային գիտակցության վրա, որն է ժողովրդի «թույլ տեղը», եւ խաղալ դրա վրա։ Բավական է հանրային գիտակցության մեջ բացասական իմիջ ունեցող անձանց վրա բարդել մեղքերի մի մեծ բեռ, եւ մարդիկ պատրաստ են հավատալ, որ մեր բոլոր դժբախտությունների պատճառը Քոչարյանն է, Սերժը, Չոռնին, Նեմեցը․․․ կոռուպցիան։
Բավական է ժողովրդին համոզել, որ ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցը մեր փրկությունն է եւ մարդիկ՝ արդեն էյֆորիայի մեջ, քննարկում են դա, վառ հույսեր կապում այդ կարճատեւ այցի հետ։ Ահա, արեւմտամետները նոր փրկօղակ են ասպարեզ նետել՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում քննարկվել է Հայաստանի դիմումը, եւ մի քանի երկրների ներկայացուցիչներ ի պաշտպանություն Հայաստանի են հանդես եկել, եւ հայերիս ոգեւորությունն այլեւս սահմաններ չի ճանաչում։ Սակայն նման հայտարարություններ անողները մոռանում են նշել, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն 1993 թվականին 4 բանաձեւ էր ընդունել՝ պարտադրելով հայկական ուժերին դուրս գալ ռազմական գործողությունների արդյունքում ձեւավորված բուֆերային գոտուց, բայց դուրս եկան միայն 2020 թվականին եւ ոչ ՄԱԿ-ի հորդորներով։»
Մեկ այլ տեսարան՝ Պուտինը մեր թշնամիների հետ սեղան է նստել, ասում-խոսում է, իսկ մեր թշնամու բարեկամը մեր թշնամին է, եւ մենք արդեն ատում ենք ՌԴ նախագահին։