Բայդենը Ռուսաստանին սպառնացել է հետևանքներով միջուկային զենքի կիրառման դեպքում
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը CBS հեռուստաալիքի հետ զրույցում հայտարարել է, որ Ուկրաինայում միջուկային կամ քիմիական զենք կիրառելու դեպքում ՌԴ-ն չի խուսափի հետևանքներից։ Այս մասին գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով հեռուստաալիքի կայքէջին։
Պատասխանելով հարցին, թե ինչ կասեր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին քիմիական կամ միջուկային զենքի գործածության վերաբերյալ, Բայդենը երեք անգամ կրկնել է․ «Մի՛ արա դա»։ ԱՄՆ նախագահի խոսքով՝ նմանատիպ զինատեսակների կիրառումը կփոխի պատերազմի տեսակն այնպես, ինչպես դեռ ոչինչ չի փոխել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։
Միևնույն ժամանակ Բայդենը ձեռնպահ է մնացել նման սցենարին ԱՄՆ-ի հնարավոր արձագանքի վերաբերյալ հայտարարություններից և չի նշել՝ ինչպես Վաշինգտոնը կպատասխանի իրադարձությունների նման զարգացմանը։
«Հետևանքներ կլինեն։ Եվ կախված նրանց գործողությունների մասշտաբներից, մենք կորոշենք, ինչպիսին կլինի պատասխանը», - եզրափակել է Բայդենը: