Նորից ընտրությունների թեման է շոշափվում. «Հրապարակ»
Իշխանական թիմում հանրաքվեի կամ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու շուրջ խոսակցություններ են սկսել ծավալվել։ Ոմանք կարծում են՝ եթե իրադարձություններն այնպես զարգանան, որ Ադրբեջանն օղակը սեղմի, Փաշինյանը խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար պետք է հանրաքվե հայտարարի՝ ողջ պատասխանատվությունը թողնելով ժողովրդի ուսերին։ Կամ էլ՝ հրաժարական ներկայացնի, հայտարարվեն նոր արտահերթ ընտրություններ, որի գլխավոր կարգախոսը պետք է լինի՝ ինձ մանդատ տվեք, որ գնամ ստորագրեմ խաղաղության պայմանագիրը, եթե չեք ուզում, որ պատերազմը հավերժ շարունակվի, եւ ազգը դանդաղ վերանա։
Այս տարբերակով կկարողանա երկարաձգել իր իշխանությունը։ Որոշ տեղեկություններով՝ իշխող թիմի սորոսական հատվածը խաղաղության պայմանագրի ամենաակտիվ ջատագովն է ու կողմ է ե՛ւ ստորագրելուն, ե՛ւ արտահերթ ընտրություններին՝ Արցախի հարցից հրաժարվելու գնով։ Նրանք կարծում են, որ միայն այդ ճանապարհով է հնարավոր Հայաստանում հասնել տեւական խաղաղության։ Մյուսների մեջ կասկածներ կան, որ սա ճիշտ ճանապարհ է։