Ինչու է Նիկոլ Փաշինյանը կրկնում Սերժ Սարգսյանի «մեղքերը»
Ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին և ռազմական գործողությունների ավարտից հետո այն ժամանակ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը բազմաթիվ հարցերում մեղադրում էր երկրի ղեկավար Սերժ Սարգսյանին: Ըստ Փաշինյանի` շատ բան կարող էր այլ կերպ լինել, եթե չլինեին իշխանությունների թերությունները:
Այսօր՝ ադրբեջանական ագրեսիայից ընդամենը օրեր անց ԱԺ-ում ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանը տարբեր մանիպուլատիվ հնարքներով փորձում էր հրաժարվել այն հարցի պատասխանից, թե ինչու մինչ այս պահը անուն առ անուն չգիտենք մեր ընկած զինվորներին: Քոչարյանը պնդում է, որ բոլոր զոհերը իդենտիֆիկացված են, սակայն հրաժարվում է ցուցակ հրապարակելուց: Ինչո՞ւ:
Ի վերջո, հենց զոհերի թիվը թաքցնելու մեջ էր ապրիլյանից հետո մեղադրում Փաշինյանը Սերժ Սարգսյանին, մի դեպքում երբ կարճ ժամանակահատվածում իդենտիֆիկացվել և ներկայացվել են մեր բոլոր ընկած տղաների անունները:
Սյդ նույն ժամանակ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանին մեղադրում էր՝ պատերազմական վիճակը անտեսելով ԶԼՄ-ի հանդեպ ճնշում գործադրելու, նրանց լռեցնելու փորձերի մեջ: Ի՞նչ են անում այսօր իր՝ Փաշինյանի թիմակիցները: Երեկ ԱԺ-ում ՔՊ-ականները քիչ է մնում ծեծի ենթարկեին իրենց աշխատանքը կատարող լրագրողներին, այսօր էլ Փաշինյանը պահանջում էր ԱԱԾ-ից կանխել այնպիսի տեղեկությունների տարածումը, որոնք վտանգում են ազգային անվտանգությունը: Իսկ ո՞ւր մնաց խոսքի ազատությունը, պարզից էլ պարզ է, որ Փաշինյանը այս դեպքում նկատի ունի ոչ թե այն վնասը, որը հասցվում է ազգային անվտանգությանը, այլ իր քաղաքական թիմին:
Փաշինյանը այն ժամանակ հայտարարում էր, որ Լելե-Թեփեն կարելի էր գրավել, միայն եթե Սարգսյանի ղեկավարած բանակում բարդակ է: Այսօր թշնամին ՀՀ տարածքում 10 կմ առաջ է եկել, գրավված են մի շարք ռազմավարական բարձունքներ, որոշները հանձնված են Փաշինյանի բանավոր համաձայնությամբ, այս դեպքում ինչի՞ մասին է խոսում և վկայում ստեղծված վիճակը:
Նա մեղադրում էր Սերժ Սարգսյանին Ադրբեջանին ինչ-ինչ խոստումներ տալու մեջ, որի շնորհիվ էլ պատերազմը կանգնեց: Ինքը` Փաշինյանը, այսօր հայտարարում է, որ պատրասվում է հանուն խաղաղության գնալ ցավալի որոշումների: Դեռևս մինչ այս պահը հասկանալի չէ, թե ինչ խոստումների արդյունքում են դադարել ՀՀ ողջ սահմանով ընթացող ռազմական գործողությունները:
Արդյո՞ք այսօր Փաշինյանը չի անում նույնը, ինչում մեղադրում էր ՀՀ իշխանություններին 2016 թվականին...