Թուրքիայի «բարի» խաղը սկսված է. «Today's Zaman»
«Թուրքիան Շվեյցարիային խնդրել է իրեն աջակցել` հաղթահարելու Հայաստանի և Ադրբեջանի միջև եղած հակամարտությունը և Անկարայի համար ճանապարհ հարթել վերականգնելու Երևանի հետ հարաբերությունները»: Այս մասին տեղեկացնում է Day.az-ը` վկայակոչելով «Today's Zaman»-ին:
Պարբերականի դիվանագիտական աղբյուրների հավաստմամբ` այս հարցը քննարկվել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի` հոկտեմբերի կեսերին Շվեյցարիա կատարած այցի ժամանակ: Դավութօղլուն պատրաստակամություն է հայտնում կարգավորելու իրենց հարաբերությունները Հայաստանի հետ, մինչդեռ այս դեպքում Երևանը պետք է դուրս գա «օկուպացված» տարածքներից:
Թուրքիան մտադիր է իր հարաբերությունները կարգավորել Հայաստանի հետ մինչև 2015թ-ը, երբ կնշվի Հայոց ցեղասպանության 100-ամյակը: (Պարզ է, որ թուրքական պարբերականը Հայոց ցեղասպանությունը չակերտների մեջ պետք է վերցնի: Մյուս ակնհայտն էլ այն է, թե ինչու է Թուրքիան, այսպես ասած, «բարիացել». խմբ.):
Պարբերականը նույնիսկ հիշեցնում է, որ 2009թ-ին Շվեյցարիայում Հայաստանն ու Թուրքիան ստորագրել են ճանապարհային քարտեզը, որն այդպես էլ չի իրականացվել:
Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիան Հայաստանի հետ սահմանը փակել է ոչ թե Ղարաբաղյան հակամարտության, այլև` իբր «օկուպացված» կից տարածքների պատճառով: